ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, նշել է, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չի գրանցվել։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube ալիքում։
«Վիճակագրական տվյալներով, եթե չեմ սխալվում, գյուղատնտեսության ոլորտում այս տարի աճ չունենք։ Ընդհակառակը՝ նվազում ունենք, և կարող եմ ասել, որ դա անսպասելի չէ մի քանի պատճառներով»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումը հնարավոր է «ինտենսիվ մոդելին» անցնելու դեպքում, քանի որ ներկայում լայնորեն կիրառվող ձևերը, նրա գնահատմամբ, աճի հեռանկար չունեն։
Նա հավելել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում և 2018 թվականից ի վեր միլիոնավոր դոլարների աջակցություն է տրամադրել գյուղացիներին։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 11,9%-ով՝ կազմելով շուրջ 310,1 մլրդ դրամ։ Գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունն ու ձկնորսությունը միասին գրանցել են 10,2% անկում՝ նախորդ տարվա 7,3% աճի դիմաց։
