Հաջիևի՝ Գանձասարի մասին հայտարարությունն անընդունելի է․ Փաշինյան – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի վերաբերյալ հայտարարություններին և արձանագրել վանական համալիրի հայկական ծագումը։ Այդ մասին Փաշինյանը նշել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի հարցին։ Հարցուպատասխանի ուղիղ հեռարձակումը՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։ 

Հաջիևն ավելի վաղ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին ուղեկցել էր Արցախ, և այցի շրջանակում Գանձասարն անվանել էր «աղվանական»։

Մաթևոսյանը Փաշինյանին առաջարկել է ամբիոնից հայտարարել, որ Գանձասարը հայկական է՝ նշելով, որ իշխանությունները Հաջիևի հայտարարությանը չեն արձագանքել։

«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանում հիշատակված վանական համալիրի ծագումնաբանությունը, մենք պետք է դիմենք այդ մատյանին և բնագրերին։ Հայաստանի Հանրապետությունն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը»,- պատասխանել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ «ընդհանրապես անիմաստ» է համարում այդ թեմայով խոսակցությունը։

«Եթե մենք մեր առաջ խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին, անիմաստ և անիրագործելի խնդիր է։ Բայց դա մեզ համար որևէ բան չի փոխում, չի փոխել և չի փոխելու»,- ասել է վարչապետը։

Միևնույն ժամանակ Փաշինյանը Հաջիևի հայտարարությունն «անընդունելի և անհասկանալի» է անվանել՝ այն դիտարկելով խաղաղության պահպանման համատեքստում։

«Մենք ասել ենք և ասում ենք, որ հաստատված խաղաղությունն արժեք է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, անհրաժեշտ է խնամքով վերաբերվել խաղաղությանը։ Եվ այն, ինչ մենք տեսանք Ադրբեջանում՝ Ադրբեջանի պաշտոնյայի կողմից, իհարկե, առավել ևս այս տեսակետից անընդունելի է և անհասկանալի»,- հայտարարել է նա։

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը, այդուհանդերձ, պետք է շարունակի «խնամք տանել խաղաղության նկատմամբ»՝ ընդգծելով, որ խաղաղությունը «փլուզելը շատ հեշտ է»։

Սեպտեմբերի 12-ին Հաջիևը Գանձասար այցելության ժամանակ օտարերկրյա դիվանագետներին ցույց էր տվել հայկական մշակութային ժառանգությանը վերաբերող ձեռագրերի կրկնօրինակներ, որոնցում որոշ էջեր բացակայում էին։ Նա դա ներկայացրել էր որպես հայկական պատմական «կեղծարարության» ապացույց։

Մատենադարանը պարզաբանել էր, որ Գանձասարի թանգարանում ցուցադրված նմուշները ձեռագրերի կրկնօրինակներ են, որոնցում վերարտադրվել են բնօրինակների միայն առանձին էջերը, իսկ մյուս էջերը միտումնավոր դատարկ են թողնվել։ Մատենադարանից շեշտել էին, որ բնօրինակները պահվում են Մատենադարանում և Գանձասարի թանգարանում երբևէ չեն ցուցադրվել։ Մայր Աթոռը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունները, Հայաստանը պաշտոնապես չէր արձագանքել։

Միրզոյանը բացատրել է Գանձասարի հարցով ԱԳՄԱՆ-ի առանձին հայտարարության բացակայությունը

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ծանոթացել է Գանձասարի բնօրինակ ձեռագրերին

Leave a Comment