ԱՄՆ Կոնգրեսի 12 անդամ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին և ապահովել Արցախի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և պաշտպանված վերադարձը, հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Կոնգրեսականները հայտարարությունները հնչեցրել են Կապիտոլիումում ANCA-ի կազմակերպած՝ Արցախի իրադարձությունների երրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։
Միջոցառմանը մասնակցել են, մասնավորապես, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Վինս Ֆոնգը, Ջիմ Կոստան, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Ջիմ Մաքգովերնը և այլ օրենսդիրներ։
Շերմանը հիշեցրել է, որ փետրվարին ադրբեջանական ռազմական դատարանը դատավճիռ է կայացրել 16 հայի նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսին 44 կողմ և 7 դեմ ձայներով ընդունել է իր առաջարկած փոփոխությունը, որով պահանջվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։
Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, անդրադառնալով արցախցիների վերադարձին, վկայակոչել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և հայտարարել, որ Ադրբեջանը պետք է թույլ տա տեղահանված հայերին անվտանգ վերադառնալ։ Նրա խոսքով՝ խաղաղությունը չի կարող ենթադրել, որ ընտանիքները պետք է համակերպվեն իրենց տները երբեք չվերադառնալու հետ։
Միջոցառման ընթացքում բարձրացվել է նաև Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հարցը։ Կոնգրեսականներից մի քանիսը կոչ են արել հետաքննել հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման դեպքերը և սահմանափակել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական ու անվտանգության աջակցությունը։
ANCA-ի կազմակերպած երկօրյա նախաձեռնությանը մասնակցել է ավելի քան 100 ակտիվիստ՝ ԱՄՆ ավելի քան 30 նահանգից։ Կազմակերպության տվյալներով՝ նրանք այցելել են Ներկայացուցիչների պալատի 435 և Սենատի 100 գրասենյակ՝ բարձրացնելով հայ գերիների ազատ արձակման, արցախցիների վերադարձի և հայկական ժառանգության պաշտպանության հարցերը։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։