Իրական Հայաստանի իրական օրակարգի տերերն Ալիևն ու Էրդողանն են, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդամենը գործակատար է, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ամենևին պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի կալանքի տակ է։ Ամենևին պատահական չէ, որ արքեպիսկոպոսների դեմ քրեական գործեր են հարուցված։ Ամենևին պատահական չէ, որ Սամվել Կարապետյանը ճնշման տակ է, Գագիկ Ծառուկյանը, Աշոտ Մինասյանը, Արեգնազ Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը…»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս ցանկն ահռելի է, և իշխանությունները շարունակելու են բռնաճնշումները, որպեսզի ազատվեն բոլորից, քանի որ պատրաստվում են նոր՝ ավելի ծանր ու խայտառակ զիջումների։
Պատգամավորն ընդգծեց, որ «Թրամփի ուղին» միջանցք է՝ անկախ նրանից, թե ինչ գեղեցիկ բառեր են օգտագործվում։
«Բայրամովի խոսքերը նույնպես դրա մասին են։ Ինչո՞ւ ոչ ոք չպատասխանեց»,- հարց հնչեցրեց Սաղաթելյանը։
Անդրադառնալով Արցախի իշխանության մարմինների նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը՝ պատգամավորն ընդգծեց, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի պետական ինստիտուտները, և բոլոր հանդիպումներում քննարկվում է վերադարձի իրավունքի իրացման հարցը։ «Հույս ունեմ՝ Արցախի ԱԺ պատգամավորները չեն ենթարկվի Հայաստանի իշխանությունների ճնշումներին և կընտրեն խոսնակ։ Մենք կաջակցենք նրանց և միշտ բաց ենք քննարկումների համար»,- հավելեց Սաղաթելյանը։