Լոս Անջելեսի Չաթսվորթ շրջանում NBC4 և Telemundo 52 հեռուստաալիքների համար նկարահանում իրականացնող NewsChopper4 լրատվական ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը։
Զոհերից երկուսը գտնվել են ուղղաթիռում։ Նրանք Angel City Air ընկերության աշխատակիցներ՝ օդային թղթակից և ֆոտոլրագրող Էլիանա Մորենոն ու օդաչու Ջորջ Մարչինիվն էին։ Երրորդ զոհը գտնվել է գետնին։ Եվս երկու մարդու տեղափոխել են հիվանդանոց։
Associated Press-ի տվյալներով՝ ուղղաթիռը լուսաբանում էր ավտոմեքենայի և քաղաքային ավտոբուսի՝ ավելի վաղ տեղի ունեցած բախումը, որի հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել, վեցը վիրավորվել էին։
Ուղղաթիռն ընկնելուց հետո հրդեհ էր բռնկվել։ Հրդեհը վնասել է առնվազն չորս ավտոմեքենա և երկու պահեստային կոնտեյներ։ Դեպքի վայր է մեկնել ավելի քան 70 հրշեջ։
Վթարի պատճառը դեռևս չի պարզվել։ Հետաքննությանը կմասնակցեն ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի և Դաշնային ավիացիոն վարչության մասնագետները։
