Անկեղծ ցավում ու ափսոսում եմ Առուշ Առուշանյանի քայլի առնչությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Առուշանյանի՝ ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ի հետ դաշինքով առաջադրվելու որոշմանը։
«Մեկ տարի առաջ, երբ շատերն ինձ ասում էին, թե հնարավոր է՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ, շատերի հետ վիճում էի, որ՝ չէ, հնարավոր չի։ Այն, ինչ արվել է, անընդունելի է, անհասկանալի է՝ և՛ քաղաքական, և՛ մնացած մակարդակով։ Դա մեզ համար ընդունելի չէ. աառնվազն ինձ համար ցավ է ու անսպասելի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա միաժամանակ նշեց, որ ՀՅԴ-ն մի շարք համայնքներում մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հաստատել էր, որ Առուշ Առուշանյանը լինելու է ՔՊ-ի թեկնածուն։
«ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն կուսակցության հետ, որով առաջադրվելու է Առուշ Առուշանյանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։
Ըստ նրա՝ ձևավորվելու է «Համերաշխություն» անունով դաշինք։