«Սև և սպիտակի լույսը». Փարիզից Երևան բերված բացառիկ լուսանկարչական հավաքածուն. «Վերնատուն»

«ՀայԱրտ» կենտրոնում բացվել է ֆրանսահայ գեղարվեստական լուսանկարչության տպագրիչ-վարպետ Թորոս Ալաջաջյանի «Սև և սպիտակի լույսը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը, որն առաջինն է Հայաստանում և տարածաշրջանում։

Այս բացառիկ հավաքածուն բացահայտում է լուսանկարչի և տպագրության վարպետի ստեղծագործական երկխոսությունը։ Ցուցադրվող աշխատանքների մեծ մասը Թորոս Ալաջաջյանի անձնական հավաքածուից է, որն ընդգրկում է 13 երկրի 55 լուսանկարչի 114 սև-սպիտակ լուսանկար:

Բացառիկ ցուցահանդեսի մասին զրուցել ենք Թորոս Ալաջաջյանի և «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանի հետ։

«Երբ 10 տարեկան էի, վարպետս ինձ բացատրեց, թե հունարենից թարգմանաբար ինչ է նշանակում «ֆոտո»՝ լույս, և թե ինչպես ենք մենք այդ լույսը թղթի վրա տպում: Հավաքածուն ձևավորվել է 1980 թվականից ի վեր՝ Փարիզի իմ լուսանկարչական լաբորատորիայում։ Իմ ընկեր լուսանկարիչները, որոնք իսկական վարպետներ էին, իրենց ցուցահանդեսները պատրաստելուց հետո ի նշան շնորհակալության ինձ էին նվիրում իրենց աշխատանքներից մեկը՝ ստորագրված»,- պատմում է Թորոս Ալաջաջյանը։

Սոնա Հարությունյանն ընդգծում է. «Այստեղ մենք բացահայտում ենք այնպիսի հեղինակների և լուսանկարների, որոնք վավերագրում են 70-80-ական թվականների Փարիզն ու աշխարհի տարբեր անկյունները»։

«Այս ցուցահանդեսով ես նախևառաջ ծափահարում և հարգանքիս տուրքն եմ մատուցում այն բոլոր վարպետներին, որոնք ինձ են փոխանցել իրենց գործերը: Բոլոր ծափերն ուղղված են ոչ թե ինձ, այլ հենց այդ լուսանկարիչներին։ Միշտ ունեցել եմ ցանկություն, որ այս հավաքածուն ցուցադրվի Հայաստանում»,- ասում է վարպետը։

Թորոս Ալաջաջյանի բացառիկ հավաքածուն ներկայացնող ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 11-ը։

Leave a Comment