Ռուսական ռազմաբազան ՀՀ–ից հանելն արկածախնդրություն է. Իշխան Սաղաթելյան

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ից հանելն արկածախնդրություն է. Իշխան Սաղաթելյան


 

Sputnik. Ըստ պատգամավորի՝ ռազմաբազայի դուրսբերումը նոր անվտանգային սպառնալիքներ կբերի Հայաստանի համար:


 


ՀՀ տարածքից Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան հանելը երկրի համար նոր արկածախնդրություն է: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:


 


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։


 


«Մենք գտնում ենք, որ այդ ռազմաբազան Հայաստանում ունի առաքելություն: Հայաստանին անպաշտպան թողնել Թուրքիայի և Ադրբեջանի երախում այս աշխարհաքաղաքական իրավիճակում՝ արկածախնդրություն է Հայաստանի Հանրապետության համար: Դա նոր անվտանգային սպառնալիքներ կբերի մեր երկրի համար, և չպետք է այդ ուղղությամբ ու ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի ճանապարհով գնալ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:


 


Նա նաև պնդեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ԵՄ-ի մաս կազմելու այլընտրանք չունի Հայաստանը, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո էլ ՆԱՏՕ-ի մաս դառնալու այլընտրանք չկա:


 


Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար անվտանգային իմաստով լավ հետևանքներ չի ունենա։ Պնդել էր՝ որևէ ռազմաբազա պետք է լինի ՀՀ-ում, և եթե ռուսները չլինեն, ապա թուրքերը կլինեն։


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment