Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար նոր արկածախնդրություն է, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Իշխան Սաղաթելյանը։
«Ռազմաբազան Հայաստանում առաքելություն ունի, և այս աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանն անպաշտպան թողնել Թուրքիայի և Ադրբեջանի երախում՝ արկածախնդրություն է ՀՀ-ի համար։ Դա հանգեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների։ Չպետք է գնալ այդ արկածախնդրությանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս գալուն»,- նշեց Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանին չի դարձնելու ԵՄ մաս իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը չի հանգեցնելու ՆԱՏՕ-ի մաս դառնալու։ Իշխան Սաղաթելյանը կրկին շեշտեց՝ առանց որևէ այլընտրանքի այդ կառույցներից դուրս գալն արկածախնդրություն է։
https://www.youtube.com/embed/W_iTfsq-Kyw Հարցին՝ այսքան ժամանակ ռուսական ռազմաբազան ինչ-որ բան արե՞լ է Հայաստանին պաշտպանելու համար, պատգամավորը պատասխանեց՝ իհարկե արել է։
«Եթե ռազմաբազան վերջին 20 տարիներին չլիներ, չպահեր հայ-թուրքական սահմանը, ի՞նչ կարող էր տեղի ունենալ»։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ ամեն ինչ սկսվում է գնահատականներից՝ Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալի՞ք են, թե՞ ոչ։
«Երկու անգամ մեր հայրենիքում ցեղասպանություն իրականացրե՞լ են։ Հավակնություններ ունե՞ն, թե՞ ոչ։ Նրանք ոչ միայն տարածքային պահանջներ ունեն, այլև նկրտումներ՝ ամբողջ հայկական ինքնության նկատմամբ։ Այո՛, նրանք սպառնալիք են, և մեր կարողությունները բավարար չեն տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Հետևաբար հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կարևոր են այս գործընթացում»,- շեշտեց Սաղաթելյանը։