
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Պատերազմում պետք չէ պարտվել: Սա պարտվածի խաչն է: Քոչվոր ցեղերը եկել են, բնիկ ժողովրդին ոչնչացրել են, տարածքները վերցրել են, հիմա պատմությունը ջնջելու խնդիր ունեն: Նախիջևանի պատմամշակութային հուշարձանները վերացրել են, հիմա անցել են Արցախի հոգևոր արժեքներին… Հայ ժողովրդի ցանկացած սերունդ իր մեջ կրում է և՛ Արևմտյան Հայաստանը, և՛ Արցախը: Հրեա ժողովուրդն էլ 2000 տարի դեգերեց ու վերականգնեց իր սահմանները, ինչպես ինքն էր պատկերացնում: Մեր հայրենիքը ժամանակավոր օկուպացված է, բայց սա վերջը չէ:
- Ալիևի օգնական Հաջիևի՝ Շուշիից, Գանձասարից և Դադիվանքից արած հայտարարություններից հետո Հայաստանի Արտաքին գործերի նախարարն անմիջապես դատապարտող նամակներ պետք է ուղարկեր բոլոր այն միջազգային կառույցներին, որոնց հետ համագործակցում է Հայաստանը: Բայց սա կոլաբորանտ իշխանություն է, և նման բան սրանցից ակնկալելը տեղին չէ:
- Մեզ մոտ պետական ինստիտուտներ կան, բայց դրանք արտաքին ուժերի ազդեցության ներքո են գործում: Եթե դրսից ասեին՝ բողոքի նոտա հղեք, կասկած չունեմ՝ կես ժամ անց նման հայտարարություն կլիներ: Այս աշխատանքն արտգործնախարարությունից պետք է տեղափոխել դեպի եկեղեցի, որովհետև իմ, ձեր հոր՝ Աստծո տունն են ոչնչացնում… Սա մեծագույն ոճիր է:
- Իրավիճակի տերն իրենք չեն, իրենք կատարողներ են. եթե դրսից որոշում չկա, իրենք կույր են, խուլ են այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում:
- Նորատ Տեր-Գրիգորյանի քայլի դրդապատճառն այն էր, որ ինքը չի ուզում թրքահաճո, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող երկրի քաղաքացի լինել: Ինքն այն երկրի քաղաքացին էր, որը հաղթել էր: Ինքն այս պետության սյուներից մեկն էր: Նա եղել է ԽՍՀՄ ցամաքային զորքերի շտաբի պետը, գեներալ-լեյտենանտ, 2-րդ մարդը ցամաքային զորքերում, ու նա մեր հաղթանակի գրավականներից մեկն էր:
- Արցախի 4 նախագահներից 3-ը Բաքվի բանտում են, 1-ը՝ Երևանի: Նրանց բանտարկելով՝ մեր հոգին են կոտրում: Սերբ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպած նրա լավագույն զավակները Հաագայի բանտում էին. երկուսը մահացան, մեկն է կենդանի հիմա: Հիմա նույնը մեզ մոտ է կատարվում: Եվ թիրախը միայն նրանք չեն, նաև կապիտալը, որովհետև ինքը հայկական կապիտալը պետք է խլի, որ տա թուրքերին, հիմա խլելու գործընթացն է… Հայկական խոշորագույն կապիտալ ունեցող երկու անձանցից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը, Բաքվի բանտում է, Սամվել Կարապետյանն այստեղ՝ տնային կալանքի մեջ:
- Սփյուռքը մեր ժողովրդի մի մասն է: Ինչպես մեր հայրենիքի մի մասն օտարեց, տվեց թուրքերին, այնպես հիմա վարվում է հայկական Սփյուռքի հետ: Պատկերացրե՛ք՝ նման բան իրենց Սփյուռքի մասին ասեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ասեր՝ մեզ իրենց տված «սեքընդ հենդը» պետք չէ…
- 1992-94թթ. մեր վիճակը շատ ծանր էր, մեր հացի, վառելիքի, պարենի պաշարն օրերով էր հաշվարկվում: Էդ նույն Սփյուռքի շնորհիվ էր, որ իսլամական աշխարհից, մասնավորապես՝ Թուրքիայից մեզ վառելիք էր հասնում, հաց էր հասնում: Փաշինյանի առաջ խնդիր է դրված կտրել Հայաստան-Սփյուռք կապը և թիրախավորել եկեղեցին, որովհետև Ցեղասպանության դատապարտման պահանջատերը Սփյուռքի հայությունն է: Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների առաջ կոնկրետ խնդիր է դրել՝ մոռանալ Արցախը, Թուրքիան՝ մոռանալ Հայոց ցեղասպանությունը: Ահա թե ինչու են մեր եկեղեցին ու նրա հոգևոր առաջնորդը թիրախավորվում:
- Իսկ քեզ ո՞վ է ասում, որ դու ամբողջ հայության վարչապետն ես: Ես կարծում եմ, որ քարերը հավաքելու ժամանակը մոտ է: Գլոբալիստների բազմաբևեռ աշխարհի դեմ երեք պետություն դաշնակցում է՝ ԱՄՆ, Ռուսաստան և Չինաստան: Այս երեք երկրներն իրենց էությամբ հակագլոբալիստներ են: Առնվազն 5-6 ամիս հետո գլոբալիստական ուժերին Եվրոպայում կթոթափեն իշխանությունից, և իշխանության կգան ազգային ուժեր: Ու դրանից հետո մենք Մակրոնից պահանջելիք ունենք 2022թ. Պրահայում հոկտեմբերի 6-ին իր արածի համար, երբ Արցախը համատեղ հանձնեցին Ադրբեջանին:
- Երբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, վստահ եմ՝ Ալիևը բոլոր պետությունների առաջնորդներին հարց է տվել՝ իմ կազմում գտնվող տարածքում եթե զինված խմբավորումներ կան, դրա անունն ի՞նչ է՝ ահաբեկչական խմբավորումներ: Հետևաբար՝ ես իրավունք ունեմ հակաահաբեկչական գործողություն անել իմ պետության տարածքում:
- Նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջին կետում շատ կարևոր ձևակերպում կա՝ փաստաթղթի կողմեր են Հայաստանն ու Ադրբեջանը: Ռուսաստանը կողմ չէ, իսկ պատասխանատվություն կողմերն են կրում:
- Վերջերս Հնդկաստանում ԲՐԻԿՍ-ի կոնֆերանսում Վլադիմիր Պուտինն ասաց՝ եթե որևէ մեկին թվում է՝ կարող է վերանայել 1945թ. Պոտսդամի կոնֆերանսի արդյունքները, ապա իրենք խիստ սխալվում են: Իսկ նույն Պոտսդամի կոնֆերանսով Արցախն այդ ժամանակ Ադրբեջանի մաս չէր: Իրավական տեսանկյունից Արցախի հարցը փակ չէ:
- Ադրբեջանի նախագահն ասում է՝ Երևանն Իրևան է, Վարդենիսը՝ Բասարգեչար, Ջերմուկը՝ Իսթիսու… Իսկ ո՞վ է ասում, որ եթե Ադրբեջանը Տիգրանաշենն իրենն է համարում, ուրեմն դա իրենցն է: Քյարքի ասելով՝ այն ադրբեջանական չի դառնում, չկա նման փաստաթուղթ, այդ թվում՝ 1921թ. քարտեզներում, երբ Հայաստանը մտել է ԽՍՀՄ կազմի մեջ:
- Ուկրաինայի պատերազմը Մոսկվա հասնելու ու Ռուսաստանի պարտության նպատակը չի հետապնդում, այլ այն, որ այդ երկրում իշխանափոխություն լինի: Նույն նպատակն այստեղ են հետապնդում. Ըստ այդ ուժերի ծրագրի՝ Հարավային Կովկասը պետք է լինի մեկ բռունցք՝ Ռուսաստանի դեմ:
- 102-րդ ռազմաբազայի մասին Պուտինի հայտարարությունը մեր իշխանությանը չէր ուղղված, այլ հայ ժողովրդին: Նա վստահաբար տարանջատում է ՔՊ-ական իշխանությանն ու հայ ժողովրդին: Ասում է՝ հայ ժողովուրդ, համաձա՞յն եք, որ ռազմաբազան հանվի: Եթե Ադրբեջանը սադրանք անի ու մի քանի ուղղությամբ Հայաստանին խփի, ո՞վ է այդ սադրանքի դեմն առնելու, եթե Փաշինյանը պատերազմից վախենում է: Եթե դու բազան հանում ես, դու Թուրքիային ու Ադրբեջանին ասում ես՝ էստի համեցե՛ք: Երասխից Երևան ադրբեջանական զորքերը 1.5 ժամում կհասնեն, ի՞նչ ենք անելու:
- Հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանները ԽՍՀՄ-Թուրքիա, ԽՍՀՄ-Իրան սահմաններ են: Եթե սահմանապահներին ու ռազմաբազան հանենք, ապա Թուրքիան ասելու է՝ նոր սահմաններ են գծվելու, ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան: Ռազմաբազայի և ռուս սահմանապահների հանելը նշանակելու է Հայաստան՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով՝ 9,5 հազար քառակուսի կիլոմետրով: Էդ ժամանակ Ալիևը Թուրքիային ասելու է՝ բա մե՞նք, էդ էլ ես եմ վերցնում: Եվ երբ մենք մի քիչ կեցվածք դրսևորենք, Թուրքիան մեր դեմ օգտագործելու է Ադրբեջան անունով մահակը:
- Մեր երկիրը տանում են աջարացման: Տեսե՛ք՝ ինչ վիճակ է Աջարիայում, որը, լինելով Վրաստանի տարածք, այնտեղ տերուտիրականը թուրքերն են:
- Եվրոպան մինչև 2030թ. Ռուսաստանի դեմ գործողություն է սկսելու: Ու չզարմանաք, որ հայոց բանակը թուրքական հրամանատարության ներքո կռվի ռուսների դեմ, եթե այսպես շարունակվի…
- Ռուսաստանից Իրան մտնող 5 ճանապարհ կա, որոնցից մեկը Հայաստանով է: Երկու տեղ արդեն բլոկ են դրել, հիմա էլ Տիգրանաշենո՞ւմ բլոկ դնեն: Թող 2021թ. Կարսի պայմանագիրը հանեն: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստատուսի տերը Թուրքիան ու Ռուսաստանն են: Էդ տարածքը չի կարող քարտեզով փոխվել: Այն մեկ անգամ է գծվել՝ 1921թ.: Հետևաբար՝ Տիգրանաշենը չի կարող լինել Նախիջևանի մաս: