Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ավարտը Հարավային Կովկասում համագործակցության նոր փուլ կբացի։ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ նա այս մասին ասել է Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հասնելու զարգացումներին և կարծում է, որ գործընթացի ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր ժամանակաշրջան կսկսվի։
«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հիշատակվի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, տրանսպորտով, էներգետիկայով, առևտրով և տնտեսական զարգացմամբ»,- ասել է Ֆիդանը։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցություններին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Կարս-Դիլուջու երկաթուղու շինարարությունն արդեն ընթանում է, իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2029 թվականի վերջը։
Ֆիդանը Կարս-Դիլուջու երկաթուղին անվանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լրացուցիչ տարրերից մեկը։ Նրա խոսքով՝ նախագծի մրցութային գործընթացն ավարտվել է ավելի վաղ, և երկաթուղու գործարկումից հետո Ադրբեջանից գնացքները հնարավորություն կունենան անխափան հասնել Թուրքիա։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրել էին խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Կողմերը նաև պայմանավորվել էին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։ Կարս-Դիլուջու երկաթուղին պետք է Թուրքիայի Կարս քաղաքը կապի Նախիջևանի սահմանին գտնվող Դիլուջուի հետ։ Նախագիծը դիտարկվում է որպես տարածաշրջանային տրանսպորտային երթուղիների ընդլայնման մաս։
