Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով նախարարությունում և ենթակա ծառայություններում պաշտոնյաներ են ազատվել պաշտոնից կամ ծառայությունից, կատարվել են նաև նոր նշանակումներ, հայտնել են ՆԳՆ-ից։
Նախարարությունից հստակեցրել են, որ նշանակումներն ու ազատումները մայիս-սեպտեմբեր ամիսներին են տեղի ունեցել։
ՆԳ նախարարությունում Արման Գևորգյանը նշանակվել է 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ, իսկ Արթուր Սահակյանը՝ կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետի տեղակալ։
Ոստիկանությունում նոր ղեկավարներ են նշանակվել մի շարք տարածքային ստորաբաժանումներում։
Անդրեյ Մանուկյանը նշանակվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, Վահան Հակոբյանը՝ Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ։ Նոր պետեր են նշանակվել նաև Համայնքային ոստիկանության Տարոնի, Թումանյանի, Տաշիրի, Վեդիի, Կենտրոնական և Նաիրիի բաժիններում։
Կադրային փոփոխություններ են կատարվել նաև Պարեկային ծառայությունում և Ոստիկանության գվարդիայում։ Մասնավորապես՝ Կարեն Գևորգյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատար, իսկ գվարդիայի մի շարք ստորաբաժանումներում նշանակվել են նոր ղեկավարներ։
Միաժամանակ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Դավիթ Սուրենյանը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի պետ Վաղինակ Մինասյանը, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը, Էրեբունու բաժնի պետ Արմեն Հարությունյանը և Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ Ալբերտ Ազատյանն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։
Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի պետ Ռոմանոս Խլղաթյանն ու Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Փրկարար ծառայությունից ազատվել է նաև քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների գործունեության համակարգման բաժնի պետ Էդգար Վաղարշակյանը։
Բացի այդ, Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում 10 ծառայող նշանակվել է բաժնի պետի տեղակալի պաշտոնում, երեքն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից, ևս մեկը՝ զբաղեցրած պաշտոնից։
