Սյունիքի մարզի Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկի անթույլատրելի քանակի հետ կապված տուժած չկա, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ արտագնա բժշկական թիմ է մեկնել, որը տեղում բնակիչների հետ զրուցել է, գանգատներն է լսել։
«Փաստում ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք։ Թե՛ կառավարությունը, թե՛ համայնքը միասնաբար աշխատում են, որպեսզի մարդկանց ապահովեն անվտանգ խմելու և կենցաղային ջրով»,- ասել է նախարարը։
Ըստ Ավանեսյանի՝ ամեն ինչ անում են, որ պարզեն թունավորման հանգամանքները և նորմալ ջրամատակարարում ապահովեն։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր, որ Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Բնակիչներին հորդորել են մինչև ջրի որակի վերականգնումը չօգտագործել այն։
