Մոսկվայի դատարանը հրաժարվել է վերացնել Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների նկատմամբ սահմանված սահմանափակումները, որոնք կապված են նրանց հոր՝ Միխայիլի սպանության գործի հետ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինին։
Նա ընդգծել է, որ քույրերի նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվի արդարացնող հիմքերով, քանի որ երիտասարդ կանայք գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում։ «Պարզ դարձավ, որ գործը դատաքննության փուլ անցնելու հեռանկար չունի։ Հետևաբար, պետք է վերացվեն նաև սահմանված բոլոր սահմանափակումները։ Սակայն դատարանը մերժել է»,- գործակալությունը մեջբերել է փաստաբանի խոսքերը։
Պակուլինը հայտնել է, որ դատարանի որոշումը բողոքարկվում է։ Փաստաբանի խոսքով՝ ութ տարի անց ուժի մեջ մնացած հիմնական սահմանափակումը քույրերի միմյանց հետ շփվելու արգելքն է. միջոց, որը, ըստ պաշտպանական կողմի, խախտում է նրանց սահմանադրական իրավունքները։
Ուժի մեջ են մնում նաև լրատվամիջոցների հետ շփվելու և համացանցից օգտվելու սահմանափակումները։ 2018 թվականի ամռանը Խաչատուրյան երեք քույրերը՝ Քրիստինան, Անգելինան և Մարիան, դանակի և մուրճի բազմաթիվ հարվածներ են հասցրել իրենց հորը, ինչի հետևանքով նա մահացել է։ Հիմնվելով դատաբժշկական փորձաքննության արդյունքների վրա՝ քննիչները պնդել են, որ կրտսեր քույրը սպանության պահին լիովին չի գիտակցել իր գործողությունները։
Փորձաքննությունները ավագ քույրերին մեղսունակ են ճանաչել, և պաշտպանական կողմը միջնորդել է գործը քննել երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Երիտասարդ կանայք պնդել են, որ հայրը նրանց նկատմամբ սեռական բռնություն է կիրառել։ 2021 թվականին դատաբժշկական ստուգումը հաստատել է նրանց ցուցմունքների իսկությունը։
Ապրիլի 21-ին Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանը հետմահու մեղավոր էր ճանաչել քույրերի հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին, իր երեք դուստրերի նկատմամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և սեռական բռնություն գործադրելու մեջ։ Խաչատրյանի գործով քրեական վարույթը կարճվել է նրա մահվան պատճառով։
