«Radar-Զրույցի» այսօրվա հյուրն է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
Անդրադառնալով Գանձասարում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին՝ Խուրշուդյանը նշեց․
«Կարո՞ղ է հարց առաջանալ՝ ընդհանրապես ինչո՞ւ են այս պահին ինչ-որ բան բրբզում, որովհետև կարծես թե խաղաղության պրոցես է գնում և այլն։ Հիմա այդ պահին հատուկ շեշտադրել նման բաներ, գրգռել հայ հասարակությանը՝ ինչի՞ն էր պետք։ Նախ, ես իր կողմից ցանկացած հակահայկական ինչ-որ արարք, սրացում, սրացման փորձ կամ սադրանք միշտ կապում եմ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Այո՛, իրենք դադարել են լինել Ռուսաստանի բութ գործիքն, ինչպիսին կային մի քանի տարի առաջ: TRIPP-ից հետո դա հիմնականում չկա, բայց 100%-ով չէ։ Այսինքն, նա միշտ այդ պորտալարը պահում է ռուսների հետ հարաբերություններում, և կարող եմ կռահել, որ դա կարող էր ինչ-որ ազդեցություն ունենալ, որովհետև հիմա իրենց մոտ հարաբերությունների սրացման-թուլացման շրջան է»։
Հարցին՝ այնուամենայնիվ, Ադրբեջանից հնչող այդ հայտարարությունները չե՞ն վնասում խաղաղության գործընթացին, Խուրշուդյանը պատասխանեց՝ իհարկե, վնասում են․
«Իրենք այդ ներվը գիտեն՝ որտեղ դիպչեն, որ հայ հասարակության մեջ դժգոհություն առաջացնեն, և հետո, ամեն անգամ դժգոհություն առաջացնելուց հետո, շառը գցեն մեզ վրա»։
Խուրշուդյանի խոսքով՝ պետական մակարդակով արձագանքելն անիմաստ է․
«Որովհետև ոչ մի բան չի փոխվի դրանից, երկրորդն էլ՝ դա հենց այն է, ինչ Ալիևն ուզում է, որ սադրի, հետո շառը գցի մերոնց վրա, որ՝ «Տեսա՞ք, մենք մեր տարածքում ինչ ուզում՝ անում ենք, կարծում ենք՝ սա ալբանական է, ասում ենք՝ ալբանական է, դուք ի՞նչ եք, ռևանշիստակա՞ն», հետո միանգամից ռևանշիզմի պիտակ են կպցնում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
