Միրզոյանը բացատրել է Գանձասարի հարցով ԱԳՆ-ի առանձին հայտարարության բացակայությունը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ԱԳՆ-ն արձագանքել է Գանձասարի շուրջ ստեղծված իրավիճակին և այդ հարցով համագործակցել Մատենադարանի հետ։ Այսպես նա պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչու գերատեսչությունն առանձին հայտարարությամբ հանդես չի եկել։

Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Գանձասար այցելության ժամանակ օտարերկրյա դիվանագետներին ցույց էր տվել հայկական մշակութային ժառանգությանը վերաբերող ձեռագրերի կրկնօրինակներ, որոնցում որոշ էջեր բացակայում էին։ Նա դա ներկայացրել էր որպես հայկական պատմական «կեղծարարության» ապացույց։

Մատենադարանը դեռ 2025 թվականին պարզաբանել էր, որ Գանձասարի թանգարանում ներկայացված նմուշները ձեռագրերի կրկնօրինակներ են, որոնցում վերարտադրվել էին բնօրինակների միայն առանձին էջերը, իսկ մյուս էջերը միտումնավոր դատարկ էին թողնվել։ Ձեռագրերի բնօրինակները պահվում են Մատենադարանում։

«Ո՞վ ասաց, որ մենք չենք արձագանքել։ Այս հարցով կան ավելի մասնագիտացված մարմիններ։ Մենք ծանոթացել ենք և շատ գոհ ենք Մատենադարանի դիրքորոշումից և գործողություններից։ Մենք համագործակցել ենք Մատենադարանի հետ, այց է տեղի ունեցել»,- ասել է Միրզոյանը։ էս ցիտատը ստուգի

Խոսքը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի՝ Մատենադարան կատարած այցի մասին է, որին ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ ԵՄ ներկայացուցչին ցույց են տվել Գանձասարի վանքում գրված ձեռագրերի բնօրինակներն ու պատճենները և ներկայացրել դրանց ստեղծման ու պահպանման պատմությունը։

Ավելի ուշ Գրոնոն հայտարարել է, որ «անշուշտ» չի վիճարկում «հայկական ներկայությունն ու հարուստ ժառանգությունն անցյալում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում»։ Նա ընդգծել է, որ այդ ժառանգությունը պետք է պահպանել և արժևորել՝ խուսափելով «անհիմն քաղաքականացումից և շահարկումներից»։

Միրզոյանը նաև չի համաձայնել լրագրողի դիտարկմանը, թե ձեռնարկված քայլերը բավարար չեն։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքվի գործողությունները կառուցողական է համարում, նախարարը հղում է արել Ազգային ժողովի նախագահի դիրքորոշմանը։

«Ազգային ժողովի նախագահը շատ դիպուկ ասաց․ ակնհայտ է, որ սա չի ամրապնդում հաստատված խաղաղությունը, չի նպաստում, հակառակը՝ սնուցում է ինչ-որ բաներ, որ գուցե հնչում են խաղաղության ոչ այդքան լավատեսական կարծիքներ։ Այսպիսի բաները գալիս են ուղղակի ջուր են լցնում այդ ջրաղացին»,- ասել է Միրզոյանը։

Հաջիևն ավելի վաղ Արցախի եկեղեցիներն անվանել էր «աղվանական»։

Leave a Comment