Մեր նպատակն է երիտասարդների ապագան կապել Հայաստանի հետ․ Ղումաշյան – armeniatoday.am

Հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված Buissup Challenge ծրագիրն ավարտվել է եզրափակչով, որի ընթացքում 150 երիտասարդ մասնագետ ներկայացրել է հայկական ընկերությունների իրական բիզնես խնդիրների լուծումներ։ Նախագծի առանձնահատկությունների, մասնակիցների համար ստեղծվող հնարավորությունների և Buissup ծրագրի նպատակների մասին Armenia Today-ին պատմել է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։ 

Buissup Challenge-ն անցկացվել է սեպտեմբերի 11-13-ը՝ «Այբ» դպրոցում։ Այն Buissup Challenge-ը Buissup ծրագրի նոր ձևաչափն է։ Buissup-ը Հայ գործարարների ասոցիացիայի՝ երիտասարդական գործարարության զարգացման ծրագիրն է, որի շրջանակում 2019 թվականից անցկացվում են ֆորումներ, հեքաթոններ և կոնֆերանսներ, ինչպես նաև ներդրումներ են կատարվում երիտասարդ և սկսնակ գործարարների նախագծերում։

Buissup Challenge-ի մասնակիցներն աշխատել են 10 գործող խոշոր և միջին բիզնեսների ներկայացրած մարտահրավերների շուրջ։ Լավագույն նախագծերի հեղինակների միջև բաշխվել է 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդը։

«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդները, ովքեր բիզնես մտածելակերպով օժտված են, զարգանան և, ամենակարևորը, իրենց ապագա բիզնեսը կառուցեն հենց Հայաստանում։ Այդ նպատակով մենք բազմաթիվ հարթակներ ենք մշակել, որպեսզի երիտասարդները ներգրավված լինեն»,- ասել է Ղումաշյանը։

Buissup Challenge-ին մասնակցելու համար ավելի քան 1000 հայտ է ստացվել, որոնցից ընտրվել է 150 մասնակից։ Նրանց բիզնես մարտահրավերներ են առաջարկել Coffee House-ը, Yan-ը, Dalma Garden Mall-ը, Bacon-ը, Cinema Star-ը, One Way Tour-ը և այլ ընկերություններ։

«Այս նախագիծը՝ Buissup Challenge-ը, նվիրված է այն նպատակին, որպեսզի գործող բիզնեսները երկխոսության հարթակ ստեղծեն երիտասարդ մասնագետների հետ։ Ներգրավված են 10 գործող բիզնես՝ խոշոր և միջին, որոնք մարտահրավերներ են նետել երիտասարդ մասնագետներին։ Նրանք ի սկզբանե եկել են միայնակ, հետո ձևավորել խմբեր։ Այս երեք օրերի ընթացքում խմբերն աշխատել են և այսօր արդեն հանդես են գալու պատրաստի ծրագրերով, որոնք այդ մարտահրավերների պատասխանն են»,- պատմել է Ղումաշյանը։

Ընկերություններն արդեն պայմանավորվածություններ ունեն մասնակիցների հետ

Ղումաշյանի խոսքով՝ Buissup Challenge-ը երիտասարդների համար կարող է դառնալ նաև աշխատանքի հնարավորություն։ Նա նշել է, որ նախագծին մասնակցող գործարարներն առաջին իսկ օրերին ներգրավվել են թիմերի աշխատանքներում և արդեն առանձնացրել են մասնակիցների, որոնց հետ պատրաստ են շարունակել համագործակցությունը։

«Արդեն առաջին և երկրորդ օրը գործարարները, ովքեր ներգրավված են քննարկումներին և թիմերի աշխատանքներին, իրենց համար աչքի տակ են վերցրել ամենատաղանդավոր երիտասարդներին։ Նրանցից մի քանիսի հետ արդեն պայմանավորվածություն ունեն, որ աշխատանքի են անցնելու հենց այդ ընկերություններում»,- ասել է նա։

Ղումաշյանի խոսքով՝ ծրագրի կարևոր նպատակներից մեկն այն է, որ երիտասարդներն իրենց ապագան կապեն Հայաստանի հետ։

«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդը որոշում կայացնի մնալ Հայաստանում և չմտածի երկիրը լքելու մասին։ Եվ եթե ինքը նաև իր բիզնեսը կառուցի մեր երկրում, դա, իհարկե, տնտեսական տեսանկյունից շատ շահավետ է մեր երկրի համար։ Buissup-ը նոր հնարավորությունների, նոր ծանոթությունների, նոր աշխատանքների և բիզնես նախագծերի մասին է»,- ընդգծել է նա։

Ավելի քան 6000 մասնակից և շուրջ $1,5 մլն ներդրում

Ղումաշյանի խոսքով՝ վեց տարվա ընթացքում Buissup ծրագրի տարբեր ձևաչափերին մասնակցել է ավելի քան 6000 մարդ։ Ծրագրի շրջանակում գործել են Buissup Global Forum-ը, Buissup Hackathon-ը և Buissup Conference-ը։ 

«Արդեն 10-ից ավելի բիզնեսներ ունենք, որտեղ մեծ ներդրումներ են կատարվել։ Մոտ մեկուկես մլն դոլարի մասին է խոսքը, և զարգացրել ենք իրենց կողմից ստեղծված բիզնեսները»,- նշել է Ղումաշյանը։

Հայ գործարարների ասոցիացիան հիմնադրել է գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ Ղումաշյանն ընդգծել է, որ այն շահույթ չհետապնդող կառույց է և ավելի քան յոթ տարի գործունեություն է ծավալում Հայաստանում գործարարության զարգացման ուղղությամբ։

«Մեզ համար շատ կարևոր է, որ կառույցը շահույթ չհետապնդող կառույց է։ Արդեն ավելի քան յոթ տարի այս հարթակը նրա համար է, որպեսզի գործարարությունը մեր երկրում զարգանա, տնտեսությունը զարգանա և ոչ մի հայ գործարար չմտածի Հայաստանը լքելու մասին»,- շեշտել է Ղումաշյանը։

Ղումաշյանը նաև ընդգծել է ծրագրի նկատմամբ երիտասարդների մեծ հետաքրքրությունը։

«Կարող եմ համարձակ նշել, որ սա հայ երիտասարդների ամենասիրված ծրագրերից է»,- եզրափակել է նա։

Leave a Comment