«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ արցախահայությունը Հայաստանում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ՝ կազմակերպվածությունն ապահովելու համար։ Կարապետյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նա նաև տեղեկացրել է, որ իրենց ուժը պատրաստ է ընդունել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի՝ քաղաքական խորհրդակցությունների հրավերը։
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ավելի վաղ հայտարարել էր ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին։ Դրանց շրջանակում նախատեսվում է, մասնավորապես, քննարկել Հայաստանում Արցախի իշխանությունների և պետական ինստիտուտների հետագա գործունեության հարցը։
«Մենք ուրախ ենք հանդիպելու, կընդունենք հրավերը, կհանդիպենք, կքննարկենք»,- արձագանքելով Իսկանդարյանի առաջարկին՝ հավելել է Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ ձևաչափերից առավել կարևոր է արցախահայության իրավունքների պաշտպանությունը։ Նա նշել է նաև բնակարանային և գործազրկության խնդիրների լուծման անհրաժեշտությունը։
«Արցախահայերն այս պահին խնդիր ունեն․ տների գները բարձրացել են, մարդիկ այդ տրված վճարներով չեն կարողանում տուն գնել։ Մասսայական գործազրկություն կա նաև շրջաններում վերաբնակեցված, ապաստան գտած արցախցիների շրջանում»,- շեշտել է նա։
Կարապետյանի պատկերացմամբ՝ արցախահայությանն անհրաժեշտ է պահպանել կազմակերպվածությունը և ունենալ մեկ մեծ կազմակերպություն, ինչպես նաև մշակութային կենտրոն։
«Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ նոր սերունդը նաև կօգտագործի բարբառը։ Մեկ-երկու սերունդ, տասնամյակներ հետո մենք ունենալու ենք մշակութային խնդիր»,- ընդգծել է նա։
Կարապետյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ գերնպատակը շարունակում է մնալ արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքը։
«Իհարկե, գերնպատակը վերադարձի՝ անվտանգ վերադարձի իրավունքն է, բայց մենք պետք է այստեղ ունենանք մշակութային կենտրոն, պետք է ունենանք կազմակերպություն։ Արցախահայերը պետք է միմյանց հետ կապը պահեն»,- ասել է նա։
Հարցին՝ արդյոք, իր կարծիքով, Արցախի իշխանություններն ու պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործունեությունը Հայաստանում, Կարապետյանը հստակեցրել է, որ Արցախի հայությունը պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ Հայաստանում՝ կազմակերպվածության համար։
Անդրադառնալով ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը՝ Կարապետյանը նշել է, որ խմբակցությունում հաշվի են առնում նաև երրորդ թեկնածուի՝ Ռուբեն Մխիթարյանի չընտրվելու հավանականությունը։
«Բոլոր թեկնածուները, ովքեր գնում են, մենք հասկանում ենք, թե ինչ նպատակներ կան և ինչ խնդիրներ կարող են լինել։ Այդ իսկ պատճառով խնդիր չկա, մենք կարող ենք ամիսներով այստեղ մնալ և քննարկել այդ հարցը»,- ասել է նա։
Կարապետյանը նաև հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի նախաձեռնությունը խմբակցության պատգամավորների մասնակցությամբ քննարկելու առաջարկը։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները մերժել էին նույն թեմայով Հակոբյանի՝ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու առաջարկը։ Դրանից հետո առաջարկվել էր քննարկումն անցկացնել ընդլայնված ձևաչափով՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ։
