Սևանի նախկին ղեկավարի գործով նախաքննությունն ավարտվել է (PAN.am)

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունն ավարտել է Սևան համայնքի նախկին ղեկավար Ռ․Ղ․-ի և մի շարք այլ անձանց առնչվող՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Ռ․Ղ․-ն 2012 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 3-ը զբաղեցրել է Սևան համայնքի ղեկավարի պաշտոնը և նույն համայնքի ավագանու մի շարք անդամների, ինչպես նաև իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցած երկու անձանց օժանդակությամբ օգտագործել է իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը։ Ըստ քննության տվյալների՝ նա 2015 թվականի օգոստոսի 26-ին Սևան համայնքին պատկանող, հասարակական նպատակային նշանակություն ունեցող և այդ պահին 18 մլն 940 հզր ՀՀ դրամ գնահատված անշարժ գույքը շուկայականից էականորեն ցածր՝ 5 մլն 200 հզր ՀՀ դրամ արժեքով վաճառել է ավագանու անդամներից մեկի մորը։

Նշված գործողության հետևանքով Սևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 13 մլն 740 հզր ՀՀ դրամի գույքային վնաս։

Նախաքննության ընթացքում Սևան համայնքի նախկին ղեկավար Ռ․Ղ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար։ Տասնմեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանն օժանդակելու, իսկ ևս մեկ անձի նկատմամբ՝ վստահված, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանն օժանդակելու և փաստաթղթեր կեղծելու համար։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ներկայացվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment