Երևանում գործարկվել է «Արցախյան մշակույթի թվային տունը»՝ artsakhian.org հարթակը, որտեղ հավաքվում և համակարգվում է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ բարբառը, բանահյուսությունը, երաժշտությունը, ծեսերն ու ավանդույթները, ավանդական գիտելիքները, լուսանկարները, տեսանյութերն ու ձայնագրությունները։
Հարթակը ստեղծվել է որպես արցախյան մշակույթի միասնական թվային արխիվ։ Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ արդեն հավաքված նյութերին, իսկ արցախցիները, հետազոտողները և անձնական արխիվներ ունեցող ընտանիքները կարող են նախագծին փոխանցել լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, պատմություններ և այլ նյութեր։
Նախագիծն իրականացվել է Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։
2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո խաթարվել է մշակութային ավանդույթների բնական փոխանցումը տեղական համայնքներում։ Հարթակի հեղինակները նպատակ են դրել պահպանել և փաստագրել մշակույթի այն տարրերը, որոնք նախկինում փոխանցվում էին սերնդեսերունդ։
«Մեզ համար կարևոր էր, որ Արցախը թվային աշխարհում ներկայացված լինի իր ստեղծած մշակույթով։ Այս թվային տանը ամեն ինչ փոխկապակցված է՝ լեզուն, հիշողությունը, մարդիկ, պատմությունները։ Այստեղ Արցախի մշակույթը ներկայացված է ոչ թե որպես անցյալի փակ պատմություն, այլ որպես կենդանի մշակույթ»,- հայտարարել է Տարածքային զարգացման գործակալության փոխտնօրեն, նախագծի ղեկավար Նարինե Աղաբալյանը։
Հարթակի բովանդակությունը կառուցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հինգ հիմնական ուղղության հիման վրա։ Այն ներառում է բանավոր ավանդույթներն ու բանահյուսությունը, կատարողական արվեստը, ծեսերն ու տոները, բնության վերաբերյալ ավանդական գիտելիքներն ու արհեստները։ Առանձին թվային արխիվում հասանելի են գրադարան, տեսադարան, լուսանկարների և ձայնագրությունների հավաքածուներ, ինչպես նաև բառարան։
Նախագծի գիտական խմբի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է հարթակի կարևորությունն Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների պայմաններում։ Նրա խոսքով՝ նախագիծը հնարավորություն է տալիս պահպանել Արցախի մասին տեղեկությունները և դրանք հասանելի դարձնել բոլորին։
Պատմաբան և մշակութաբան Համլետ Պետրոսյանն ընդգծել է մշակութային ժառանգությունը ներկայացնելիս գիտական ճշգրտության և մասնագիտական մոտեցման կարևորությունը։
«Արցախյան մշակույթի թվային տունը» շարունակաբար համալրվելու է մասնագիտական և ընտանեկան նոր հավաքածուներով, բանավոր վկայություններով և այլ նյութերով։ Նախագծի հեղինակների նպատակն է ստեղծել զարգացող արխիվ, որը կպահպանի Արցախի մշակութային հիշողությունը և այն կփոխանցի հաջորդ սերունդներին։
Ադրբեջանի կողմից Արցախն օկուպացնելուց հետո տարածաշրջանի հայկական պատմամշակութային ժառանգությունը ենթարկվել է ոչնչացման, պղծման և պատմական տեսքի փոփոխության։ Ոչնչացված և վնասված կառույցների թվում են եկեղեցիներ, գերեզմանատներ, հուշահամալիրներ, խաչքարեր և հուշարձաններ։ Մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող փորձագետներն ու կազմակերպությունները բազմիցս ահազանգել են տարածաշրջանի հայկական հուշարձաններին սպառնացող վտանգների մասին։
