ԱՄՆ-ն ընդունել է, որ երկրի ուղեծրում տեղակայել է հարձակողական սպառազինություն։
Օդային, տիեզերական և կիբեռպատերազմի կոնֆերանսում ունեցած ելույթում ԱՄՆ Ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքը հայտարարել է, որ այդ զենքն անհրաժեշտ է ամերիկյան ուժերը «զարգացող սպառնալիքներից» պաշտպանելու համար: Նա չի հստակեցրել զենքի հնարավորությունները և չի նշել, թե երբ է այն դուրս բերվել ուղեծիր:
Մինչ այժմ ամերիկացի պաշտոնյաները միայն խոսում էին տիեզերքում ռազմական կարողություններն ուժեղացնելու մտադրությունների մասին՝ մատնանշելով ռուսական և չինական ծրագրերը, որոնք կոչված են հարձակվելու և խաթարելու ամերիկյան արբանյակների աշխատանքը ռազմական հակամարտության դեպքում:
Թրամփի վարչակազմը հիշատակել էր, որ հրթիռների և ԱՄՆ տարածքին սպառնացող այլ թիրախների որսման համար նախատեսվող «Ոսկե գմբեթ» (Golden Dome) համակարգը ներառելու է նաև տիեզերական բաղադրիչ, այդ թվում՝ կալանիչ հրթիռներ:
