Սիրիայում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում վառելիքի գների կտրուկ բարձրացումից հետո, հայտնում է Reuters-ը։
Ցուցարարներն այրում են անվադողեր և փակում կարևորագույն ճանապարհները, այդ թվում՝ Դամասկոսն ու Հալեպը կապող մայրուղին։ Բողոքողները նաև կասեցրել են վառելիք տեղափոխող ցիստեռնների շարասյուների ընթացքը, որոնք ուղղվում էին դեպի Սիրիայի կենտրոնական մասում գտնվող վերամշակող գործարաններ։
Մասնակիցներից ոմանք պահանջել են էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարների, ինչպես նաև Սիրիայի նավթային ընկերության ղեկավարի հրաժարականը։ Գործակալությունը նշում է, որ սրանք երկրում տեղի ունեցող ամենախոշոր ցույցերն են 2024 թվականի դեկտեմբերին նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից ի վեր։
Բողոքի ակցիաները սկսվել են, երբ սեպտեմբերի 12-ին Սիրիայի կառավարությունը 40%-ով բարձրացրել է դիզելային վառելիքի գինը՝ հասցնելով այն մեկ լիտրի դիմաց 175 սիրիական ֆունտի (1,32 ԱՄՆ դոլար)։ Իշխանությունները նաև մոտ 9%-ով բարձրացրել են բնակչության և արդյունաբերական ձեռնարկությունների համար գազի սակագները, իսկ 95 և 90 օկտանային թվով բենզինի գները բարձրացել են համապատասխանաբար 28%-ով և 26%-ով։
Սիրիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Աբդել Համիդ Սալլաթն ավելի վաղ հայտարարել էր, որ գների բարձրացումը ժամանակավոր միջոցառում է, որը պայմանավորված է համաշխարհային գնաճով և Սիրիայի՝ ներկրումից ունեցած մեծ կախվածությամբ։ Նա հավելել է, որ գները կարող են վերանայվել՝ բարձրացվել կամ իջեցվել՝ կախված փոփոխվող պայմաններից։
