ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացվել են Գանձասարի բնօրինակ ձեռագրերը – armeniatoday.am

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է Գանձասարի բնօրինակ ձեռագրերին, հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը։

Գրոնոն սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան։

Նշվում է, որ նա ծանոթացել է Մատենադարանի ձեռագրական հարուստ ժառանգությանը` մասնավորաբար Գանձասարում գրչագրված և պահպանված ձեռագրերի բնօրինակներին ու կրկնօրինակներին, դրանց ստեղծման ու պահպանության պատմությանը, ինչպես նաև ուսումնասիրման, վերականգնման և հանրայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նրան նաև ցուցադրել են Գանձասարի Մատենադարանի ձեռագրերի կրկնօրինակները։

Ընդգծվել է, որ այնտեղ երբևէ բնօրինակ ձեռագրեր չեն ցուցադրվել, իսկ ցուցադրության համար պատրաստված կրկնօրինակները հնարավորություն են տվել հանրությանը ծանոթանալու ձեռագրական ժառանգությանը՝ միաժամանակ ապահովելով բնօրինակների անվտանգ պահպանությունը։

Հանդիպման ավարտին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, անդրադառնալով ձեռագրական ժառանգության պահպանության բազմադարյա պատմությանը, ընդգծել է, որ հազարամյակներով ստեղծածը պահպանելու կարողությունը վկայում է այդ ժառանգության նկատմամբ տիրոջ պատասխանատվության և շարունակական հոգածության մասին։
«Միայն տերը կարող է հազարամյակներով պահպանել իր ստեղծածը»,– շեշտել է Խզմալյանը։

ՀՀ ԱԳՄԱՆ-ից հայտնել են, որ այցի ընթացքում ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը:

Կոստանյանը նաև զրույց է ունեցել Գրոնոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները։
Կողմերն անդրադարձ են կատարել վերջին շրջանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում կատարված գործողություններին և դրանց արդյունավետությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:

Leave a Comment