Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում․ «Կարճ ասած»

Վերջին ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անարգանքի սյանը գամեց իր թիմակից Հայկ Սարգսյանին, որը լայն հանրությանը ավելի հայտնի է «Շիշ բռնող» գրական կեղծանունով։ Էլ թալանչի, էլ կոռուպցիոներ, էլ գողական և օլիգարխիկ հակումներ ունեցող։ Դրանից մեկ օր անց իրար հետ Սևանի սեզոնն էին փակում։ Փաշինյանն ուզում էր ցույց տալ իր իբր անհանդուրժողականությունը կոռուպցիայի դեմ, այնինչ հակառակն արեց։ Ասեմ ինչպես։

Ասում է՝ Հայկ Սարգսյանի մասով եղել են բացահայտումներ, դատավճիռներ, քրեական գործեր, ու թվարկում է․ ավազի հանքերի ապօրինի շահագործում (հանք չէ, հանքեր), ապօրինի պետհամարանիշներով շրջում (ոստիկաններն էլ չեն արձանագրել՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի թիմակիցն է), օլիգարխ դառնալու հակումներ դեռ 2018-ից, Սևանի ափին ապօրինի գործունեություն, քրեական շրջանակների հետ կապեր և այլն, ու ասում է՝ մինչև էսօր էլ նրա մասին ահազանգեր կան։ Կոռուպցիան «չհանդուրժող» թիմակիցը 2018-ից ի վեր այսքան բան է արել, ըստ Փաշինյանի․ և ո՞րն է իրենց ու իրավապահ համակարգի արձագանքը․ հայտարարել են նկատողություն և չեն ընդգրկել նոր խորհրդարանի ընտրացուցակում։ Այսքան բան։

2025 թ․ հունիսի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանները Մուշավանում վնասազերծել և ձերբակալել են 39-ամյա Արսեն Ա-ին, որը մտել էր ուրիշի ամառանոց, կոտրել բույնը և գողացել 1 նապաստակ։ Այդ մարդուն ձերբակալել են, թե քանի տարի են տվել՝ չգիտեմ․ իսկ Փաշինյանի թիմակիցը՝ ավազի հանքերի ապօրինի շահագործում, Սևանի ափին ապօրինի գործունեություն և այլն, ու ընդամենը նկատողություն։

Ժողովուրդ ջան, սա հենց կոռուպցիան է։ Էն, որ Նիկոլն ասում է՝ «մեղավորը մենք ենք, որ ամեն փաստը չենք թմբկահարել սոցիալական ցանցերով», դա մեղավորություն չէ, հանցակցություն է, կասի ցանկացած իրավաբան։ Այդ ընթացքում մեկը նապաստակ է գողացել՝ թմբկահարել եք, ձեր գործընկերը Սևանի և հանքերի՝ ազգային հարստությունների հաշվին փող է աշխատել, ըստ Նիկոլի, չտեսնելու եք տվել․ ու ասում եք՝ իբր կոռուպցիան չե՞ք հանդուրժում։

Նախորդ տարի Նիկոլը ԱԺ ամբիոնից գոռգոռաց, թե Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը նստելու են․ դեռ խոսքը չէր ավարտել, գլխավոր դատախազ աշխատող, նախկինում Նիկոլի օգնական աշխատած Աննա Վարդապետյանը այդ երկու ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և քրգործ հարուցելու հայցով մտավ ԱԺ, թե բա՝ Սեյրան Օհանյանը ապօրինի կառույց ունի Սևանի ափին, Արծվիկ Մինասյանն էլ չտեսնելու է տվել։ Մամուլը Սևանի ափին հանգստի գոտու, լողափի և «Շիշ բռնողի»՝ դրա հետ կապ ունենալու մասին առաջին անգամ ե՞րբ է գրել․ 2020 թվականի հուլիսին: Ինչ-որ չեմ հիշում՝ Աննա Վարդապետյանը նրան անձեռնմխելիությունից զրկելու հայցով մտներ ԱԺ։ Դե եթե Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրգործ էր չտեսնելու տալու համար, «Շիշ բռնողի»՝ նույն Սևանի ափին բիզնեսը ո՞վ է չտեսնելու տվել, սաղ թի՞մը։ Ինչո՞ւ Վարդապետյանը չմտավ ԱԺ․ իր թիմակի՞ցն էր։

Նիկոլն ասում է՝ «մեր մեղքն է, որ չենք բարձրաձայնել»․ կրկնում եմ՝ դա հանցակցություն է։ Ենթադրյալ ծանր կամ ապօրինի արարքների վերաբերյալ տեղեկատվությանն ընթացք չեք տվել տարիներ շարունակ, ինչը, որքան գիտեմ, հանցագործության հովանավորչություն է։ Հայկ Սարգսյանը ինչո՞ւ Նիկոլի ասած գողական ու օլիգարխիկ հակումները չի ունեցել մինչև 2018-ը և ունեցել է դրանից հետո։ Գուցե նրա համար, որ այս իշխանությունը պարարտ հո՞ղ է ստեղծել դրա համար։ Նիկոլը բավական երկար ժամանակ քրեական մեղադրանքներ հնչեցրեց իր թիմակցի հասցեին․ իսկ ո՞վ է Հայկ Սարգսյանին դարձրել փայ մտնող, գողականների հետ կապ ունեցող, օլիգարխիայի հակում ունեցող, հանքերն ու Սևանի ջրերը ապօրինի շահագործող․ դա չի՞ եղել ՔՊ-ական պատգամավորի, Նիկոլի «շիշը բռնողի» հանգամանքը։ Այսինքն՝ Փաշինյանի կառավարման համակարգը ընդամենը 8 տարում ստեղծել է նման կերպարներ։

Ասում է՝ «կան դատավճիռներ»․ սա ի՞նչ է նշանակում․ մենք գիտենք, թե դատական նիստերը որքան ջանջալ ու տարիներով ձգձգվող են․ այսինքն՝ երբ Նիկոլն ասում է «կան դատավճիռներ», ուրեմն տարիներ շարունակ քննվել են, հայտնի դեպքեր են եղել իրենց համար, որոնք խնամքով թաքցրել են, այդ տղան էլ շարունակել է լինել պատգամավոր, ազդել քրեական գործերի ընթացքի վրա, ենթադրաբար։ Այդ դեպքում ինչո՞ւ հիմա բարձրաձայնեցին այդ մասին։ Գիտե՞ք, Նիկոլ Փաշինյանի մասին, նրա՝ փողի նկատմամբ մեծ սիրո մասին այնքան օդում կախված ու չհերքված համառ լուրեր են շրջանառվում, որ երբ որևէ մեկին իշխանության անդամներից բռնում են, անմիջապես սկսում ենք մտածել, որ բավարար չափով չի մուծվել, մարդամեկին չի տվել «իր փայը», դրա համար էլ ընկել են հետևից։

Եվ հիմա հարց եմ տալիս՝ քա՞նի պայմանական «Շիշ բռնող» կա ՔՊ-ում, որը ապօրինի ձեռնարկատիրություն է անում, փայ է մտնում, օլիգարխիկ ու գողական հակումներ ունի, բայց բռնված չէ, քանի որ լավ ենթարկվում է, մուծվում է, ձեր «հա»-ն ու «չէ»-ն անում է մինչև հիմա։ Եթե իշխանության ղեկավարը հիմա բացահայտում է իր գործող թիմակցի՝ տարիներ շարունակ գոյություն ունեցած ենթադրյալ ապօրինությունները, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու․ իսկ քա՞նի այլ նման մարդիկ կան իշխանության ներսում, որոնց մասին իշխանությունը գիտի, որոնցից օգտվում է և որոնց նկատմամբ չի գործում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Արդյո՞ք «շիշ բռնողները» շահավետ չեն իշխանության համար, և նրանցից օգուտ չեն ստանում նիկոլենք ու լռում ապօրինությունների վրա։

Հայկ Սարգսյանը, որը Նիկոլի թվարկած այդքան շատ ենթադրյալ ապօրինությունների մեջ է (չնայած Նիկոլը ենթադրյալ չէր ասում, այլ՝ հաստատ), այդ դեպքում այդ արարքները նոր չեն եղել, 2018-ից ի վեր․ այդ անձը մասնակցել է քաղաքական գործընթացներին, ունեցել է պատգամավորի անձեռնմխելիություն, վայելել է իշխանության վստահությունը և մասնակից է դարձել Նիկոլ Փաշինյանի բերած աղետներին՝ իր չափով։ Ստացվում է՝ քանի դեռ մեզ հետ ես, քո ապօրինությունները կարող են անտեսվել։ Սա ոչ թե իրավական պետության, այլ քաղաքական հովանավորչության տրամաբանություն է։ Քանի դեռ լոյալ է, ապահովում է քվեներ, մուծվում կուսակցական կաթսա, մյուս բաները ներվում են՝ թիմային միասնությունը պահելու համար։ Կոմպրոմատները պահվում են մինչև հարմար պահը։ Կոռուպցիոն միջավայր է այն համակարգը, որտեղ իշխանությունը գիտի ապօրինությունների մասին, բայց դրանք չի կանխում, քանի դեռ անձը քաղաքականապես օգտակար է։ Պետության համար ոչ միայն վտանգավոր է, երբ իրավապահները կեղծ գործեր են հարուցում, այլև վտանգավոր է, երբ իրական հնարավոր իրավախախտումները տարիներով անտեսվում են, իսկ հետո օգտագործվում են որպես քաղաքական ճնշման միջոց։

Նիկոլը էս ընթացքում ում չի ալարել՝ անվանել է թալանչի, իսկ իր թիմակցի արածները չտեսնելու է տվել։ Նայե՛ք ՔՊ-ականների հայտարարագրերը, միլիոնատերեր են․ մարդ կա՝ 50-ից ավելի անշարժ գույք ունի։ Չեմ պնդում, թե թալանել են․ բայց նիկոլենք ասում են, որ որ պահից թիմի անդամ չեն ընկալվում, սկսում են ուսումնասիրել։ Վաղը կարող է՞ ուսումնասիրեք ու հասկանանք, թե ամենամոտ թիմակցին 7 տարում 8 անշարժ գույք որտեղից։ Նիկոլն ասում է․ «Ես ինչի՞ միլիոնատեր չեմ, ո՞ր տարածքն է իմը»։ Իսկ ո՞վ ասաց, որ միլիոնատեր չես։ Դա դո՛ւ ես ասում, թե այդպիսին չես․ իսկ քո միլիոնների մասին կիմանանք քեզ հեռացնելուց հետո։ Ժողովուրդը հարցնում է․ «Իսկ ինչո՞ւ պետք է քեզ հավատանք»։ Որ քո անունով գրանցված գույքեր ու միլիոնավոր դոլարներ չկան, չի նշանակում, թե չունես։ Ասում է․ «Չկա տենց պաշտոնյա, որ ինքը փող է աշխատում, ինձ էլ փայ է տալիս, չկա, բացառված է»։ Ինչի՞ հավատամ․ էդ որ առաջ կար պաշտոնյա, որ քեզ փող էր տալիս, չնայած որ պատգամավոր էիր ընդամենը, հիմա վարչապետ ես, ինչո՞ւ պետք է չտան։

Ի վերջո, ժողովուրդ ջան, Էդքան ասում ենք՝ ո՞ւր էդ 7-8 մլրդ դոլար պարտքի գումարը։ Տրամաբանական բացատրություն որևէ մեկը տվե՞ց։ Անընդհատ խոսում են տնտեսական աճի մասին, հարկահավաքության ամենամսյա աճի մասին․ բա 8 մլրդն ի՞նչ եք արել։ Ասում են՝ ասֆալտ ենք արել, ճանապարհ ենք սարքել։ Գլուխ մի արդուկեք, 8 մլրդ դոլարով անապատում անգամ հնարավոր էր Հայաստանի չափ տարածք զրոյից սարքել։ Տվեք 8 մլրդ դոլարի ձևավորման բացատրությունը։ Վստահ եմ, որ չեք կարող բացատրությունը տալ, ու չի տրվի, քանի դուք իշխանության եք։ Իշխանությունը փոխվեց՝ էդ ժամանակ կտեսնենք ով ինչ է արել։ Ու պետք չէ մեր աչքը մտցնել Հայկ Սարգսյանի՝ պրավա չունենալու գործը։ Դրանով, իմ կարծիքով, ընդամենը ցույց ես տալիս քո թիմակիցներին, որ եթե գնաք հարցազրույց տալու ու բերաններիցդ մի բառ փստացնեք՝ քրեական գործ է հարուցվելու։ Հայկ Սարգսյանն առաջին դեպքը չէ, Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը նույն վիճակում էին․ որովհետև մարդիկ գնում են եթեր ու հանրայնացնում են էն հանցավոր հարաբերություները իշխանության մեջ, որը մինչ էսօր փակ է եղել։ Ու մարդամեկն ասում է՝ ով հարցազրույցում բան ասի, արժանանալու է նրանց ճակատագրին։ Եթե նապաստաիկ գողանալու դեպքում տանում-նստացն ում են, էս դեպում ՔՊ-ականը մնում է ազատության մեջ։ Որևէ մեկս չտեսանք, չէ՞, որ ԱԱԾ-ն գնար նրանց տուն, պառկեցներ պոլին ու անմիջապես տանեին կալանքի։ Չէ։ Որովհետև որովհետև նա ընդամենը ազդանշան է տալիս, որ՝ քրեական գործը հարուցել եմ, կախեմ գլխավերևումդ։ Նպատակ չունեմ քեզ դատելու, որովհետև կարող ա էդ ժամանակ ավելի շատ խոսաս։ Բայց իմացիր՝ քրեական գործի տակ ես։ Իսկ կալանքները, ձերբակալությունները վերաբերում են ընդդիմադիրնեռրին, որոնք քեզ հետ չեն պայմանավորվում։

Կարճ ասած՝ սա այս իշխանության դեմքն է, որից տարանջատվել Փաշինյանը չի կարող։ Մամուլը անընդհատ հրապարակում է տարբեր պատգամավորների, նախարարների, վարչության պետերի, մարզպետ-փոխմարզպետների ունեցվածքը․ մենք գործ ունենք 8 տարում միլիոնատեր դարձած բազմաթիվ մարդկանց հետ։

Երկու օր առաջ հիվանդանոցում մահացավ Արմավիրի մարզում, կիսակառույց շենքի նկուղում, անմարդկային պայմաններում հայտնաբերված 59-ամյա Հակոբ Սարգսյանը․ այդ մարդը մահացավ սովից․ մահացավ էն ժամանակ, երբ իբր ժողովրդի համար հեղափոխություն արածները ունեին օլիգարխիկ հակումներ, բիզնեսներում փայ էին, ապօրինի հանքեր ու լիճ էին շահագործում, երբ 7 տարում 8 հատ անշարժ գույք էին անում, և հեղափոխականների իշխանությունը թաղված էր համակարգային կոռուպցիայի մեջ։

Սևակ Հակոբյան

Leave a Comment