Ռուբեն Վարդանյանի կինը 20 կտավ է նվիրաբերել Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանին

Բարերար, Արցախի նախկին պետնախարար և Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, 20 արժեքավոր կտավներից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին, տեղեկացրել է Վարդանյանի լրատվական ծառայությունը։

«Պատերազմ և խաղաղություն» խորագիրը կրող աշխատանքները հանձնվել են «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին և առաջիկայում կներկայացվեն հանրությանը։

Նվիրաբերված գործերը մաս են կազմում «100 ԿՏԱՎ» հավաքածուի, որն ընդգրկում է սոցռեալիզմի հայ և ռուս անվանի վարպետների (Բելերֆոն Դալաքյան, Վիկտոր Աբրահամյան, Ալեքսանդր Տատարենկո, Նիկոլայ Լոմակին և այլք) աշխատանքները։ Դրանք ընտրվել են Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից։

Գյումրիին փոխանցված կտավները նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հիշողությանը և հետպատերազմյան շրջանին։ Այս աշխատանքները նախկինում ցուցադրվել են արտերկրյա մի շարք հայտնի ցուցահանդեսներում։

Զոնաբենդն ընդգծել է, որ Վարդանյանի համար Գյումրին միշտ հանդիսացել է առանձնահատուկ քաղաք, որտեղ նա իրականացրել է քաղաքային միջավայրի զարգացման ծրագրեր (այդ թվում՝ Բարեկամության այգու վերականգնումը), և ուրախ է, որ այս արվեստի գործերը կդառնան քաղաքի մշակութային ժառանգության մասը։

Գյումրի համայնքի ղեկավարի փոխարինող Ավետիս Առաքելյանը երախտագիտություն է հայտնել արժեքավոր նվիրատվության համար։ «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանն իր հերթին նշել է, որ հավաքածուն իր արժանի տեղը կգտնի թանգարանում, և առաջիկայում կկազմակերպվի հատուկ ցուցահանդես քաղաքի բնակիչների ու հյուրերի համար։

Զոնաբենդը Բաքվում պահվող հայերին այցելելու հումանիտար նախաձեռնությանն աջակցելու համար դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին։Նա խնդրել էր աջակցություն ցուցաբերել այցի կազմակերպման և պատվիրակության անդամների անվտանգության ապահովման հարցում։

Զոնաբենդը սեպտեմբերի 8-ին դիմել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ առաջարկելով իրեն և Բաքվում պահվող մյուս հայերի հարազատներին ընդգրկել Ադրբեջան հնարավոր այցի պատվիրակության կազմում։ Նա նաև խնդրել էր հնարավորություն ստեղծել Բաքվում պահվող հարազատների հետ հանդիպելու համար։

Leave a Comment