ԱԺ-ում իշխանություններին կոչ են արել արձագանքել Գանձասարի մասին Հաջիևի պնդումներին

Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի վերաբերյալ պնդումներին և հստակ դիրքորոշում հայտնել վանական համալիրի հայկական պատկանելության վերաբերյալ։ Նա հարցն ուղղել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին խորհրդարանի նիստի ժամանակ։ Նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia TodayYouTube ալիքում։

Գրիգորյանը հիշեցրել է, որ օրեր առաջ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների հետ այցելել էր Արցախ, որտեղ հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել էր որպես աղվանական։ Պատգամավորը դա «մշակութային ցեղասպանության» դրսևորում է որակել և Ռուբինյանից հետաքրքրվել՝ արդյոք նման գործողությունները նպաստում են խաղաղության հաստատմանը։

«Պատրաստվո՞ւմ եք դիրքորոշում հայտնել, որ Գանձասարը հայկական է։ Ի վերջո, հազարավոր տղաներ չեն զոհվել, որպեսզի այսօր դուք չկարողանաք մեկ բառ անգամ ասել, որ Գանձասարը հայկական է»,- հարցրել է Գրիգորյանը։

Ռուբինյանը հայտարարել է, որ Գրիգորյանի խոսքերն անհիմն են և չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը։

«Մենք բազմիցս ենք ասել, որ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայնություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ։ Ձեր մատնանշած հայտարարություններն օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,- ասել է Ռուբինյանը։

Ռուբինյանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ նման հարցերի շուրջ տարաձայնություններն այլևս չեն արտահայտվում սահմանային կրակոցներով կամ բախումներով։

Գրիգորյանը նշել է, որ իշխանության խաղաղության քաղաքականությունը չի կարող արդարացնել Գանձասարի վերաբերյալ ադրբեջանական պնդումների հանդեպ պետական կառույցների լռությունը։

«Խաղաղությունն ամենևին չի նշանակում սեփական պատմության ուրացում։ Չպետք է թույլ տրվի, որ մեր պատմամշակութային ժառանգությունը վերացվի կամ անվանափոխվի։ Սա ուրացում է, ոչ թե խաղաղություն»,- նշել է պատգամավորը։

Ավելի վաղ Հաջիևը, եվրոպացի դիվանագետներին ներկայացնելով Արցախի եկեղեցիները, դրանք անվանել էր «աղվանական»։

Հնագետ Համլետ Պետրոսյանը  մեղադրել էր Հաջիևին ձեռագրերի թանգարանային վերարտադրություններն օգտագործելու մեջ՝ Գանձասարի վանքի պատմության հայկական «կեղծման» մասին պնդումները հիմնավորելու համար։ Նա նշել էր, որ Դադիվանքում և Գանձասարում պահպանվել է XII-XVII դարերին վերաբերող ավելի քան 200 հայերեն արձանագրություն։

Կարդացեք նաև՝

Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու․ արցախցին՝ դիվանագետներին

Leave a Comment