ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելի դեֆիցիտ ստեղծելը, հավելելով, որ դա կապ չունի Մերձավոր Արևելքի հետ․ «Դա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցողի հետևանք է»,- ընդգծել է Թրամփը:
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը։
-Սա կարո՞ղ է ազդել Ուկրաինայի ռազմական մարտավարության վրա։
-Այն, որ Միացյալ Նահանգները որոշակի ազդեցություն ունի Ուկրաինայում ընդունվող որոշումների վրա, փաստ է և պայմանավորված է այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգները շարունակում է, թեկուզ եվրոպացիների միջոցով, անուղղակիորեն, բայց զգալի օժանդակություն ցուցաբերել ուկրաինացիներին․ նկատի ունեմ զենքի վաճառքի մասով։ Բայց կա նաև ուղղակի օգնություն՝ հետախուզական տվյալների տրամադրումը, չեմ խոսում այն հանգամանքի մասին, որ ուկրաինական դրոններն ինտենսիվորեն օգտագործում են ամերիկյան այդ Starlink համակարգերը՝ տարբեր թիրախներին հասնելու համար։ Հետևաբար, հասկանալի է, որ Ուկրաինան չի կարող պարզապես հաշվի չառնել կամ արհամարհել Միացյալ Նահանգներից հնչող կոչերը։ Սակայն, մյուս կողմից էլ, այնպես չէ, թե Ուկրաինան ամբողջությամբ գտնվում է ամերիկյան կառավարման ներքո և դարձել է Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը, հետևաբար, ցանկացած առաջարկ կամ պահանջ, որ հնչում է Միացյալ Նահանգների նախագահի շուրթերից, ուկրաինացիները միանգամից լսում են և անմիջապես կատարում։ Եթե այդպես լիներ, ամերիկացիներին կհաջողվեր ուկրաինացիներին հարկադրել ընդունել կարգավորման կամ հակամարտության սառեցման այն պայմանները, որոնց շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռ 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում տեղի ունեցած Պուտին-Թրամփ գագաթնաժողովի ժամանակ։
Որքանով ես եմ գնահատում, երևի թե Ուկրաինայի կողմից կլինի հայտարարություն, որ, իհարկե, իրենք հարգանքով են վերաբերվում Միացյալ Նահանգների նախագահին, այդ թվում նաև նրա կոչին, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը ևս հարվածներ է հասցնում իրենց էներգետիկ ենթակառուցվածքներին, և այդ ամենը չպետք է լինի միակողմանի։ Նաև կնշեն, որ իրենք կողմ են ընդհանուր զինադադարի կամ գոնե երկկողմ՝ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածների դադարեցմանը․ այսինքն՝ մի կողմից կփորձեն շեշտել Միացյալ Նահանգների նախագահի կարևորությունը, մյուս կողմից էլ կփորձեն սա ևս մեկ անգամ վերածել մի հնարավորության, որպեսզի ռուսական հարվածները ևս նվազեն։
-Եթե ԱՄՆ-ն շարունակի պնդել, որ նման հարվածները նպաստում են վառելիքի համաշխարհային գների աճին, կարո՞ղ է դա նոր տարաձայնություններ առաջացնել Վաշինգտոնի և Կիևի միջև։
-Այս հայտարարությունից բխող՝ դժվար թե, բայց, իհարկե, մենք չունենք ամբողջական ինֆորմացիա, թե ինչ է քննարկվել Ուիթքոֆի և Քուշների՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Բայց գոնե այն բոլոր հրապարակային տեղեկատվությունները, վերլուծությունները և նաև արտահոսքերը, որոնք կազմակերպվել են այս հանդիպումներից հետո, վկայում են մի իրավիճակի մասին, որ ԱՄՆ-ն կրկին սկսել է շարժվել այն ուղղությամբ, որ Ուկրաինան պետք է կատարի որոշակի ցավոտ զիջումներ։ Մյուս կողմից էլ եվրոպացիները շարունակում են պնդել, որ Ուկրաինան չպետք է ցավալի զիջումներ կատարի։ Նրանք պնդում են, որ պատերազմը սկսել է Ռուսաստանը, կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը, և եթե հակամարտությունը սառեցվի այնպես, որ Ռուսաստանը շահած դուրս գա այս իրավիճակից, դա կնշանակի ծանր հարված միջազգային նորմերին։ Քանի որ ցանկացած պետություն կարող է ասել․ «Տեսե՛ք, ես կարող եմ սկսել պատերազմ, կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, բայց արդյունքում շահած դուրս գալ»։ Այս ամբողջ իրավիճակը հաշվի առնելով՝ կունենանք մի գործընթաց, որտեղ Միացյալ Նահանգները կփորձի ինչ-որ կերպ ճնշում գործադրել Ուկրաինայի վրա։ Հիմա թե որքանով Ուկրաինան այս ճնշումներին տեղիք կտա, կամ նորից եվրոպական միջամտությամբ կհրաժարվի որևէ զիջման գնալուց, և այդ դեպքում պատերազմը սահուն կերպով կտեղափոխվի արդեն 2027 թվական, պետք է սպասել և տեսնել։
-Լեհաստանի սահմանին եղավ գնացքի թիրախավորում, և նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ չի բացառվում էսկալացիայի տարածումը Լեհաստանի տարածք։ Ձեր գնահատմամբ՝ Ռուսաստանը կարո՞ղ է առաջիկայում նման քայլերի գնալ։
-Սա հիմա ամենաինտենսիվ քննարկվող սցենարներից մեկն է, ընդ որում, սցենարը քննարկվում է թե՛ Եվրոպայում և թե՛ Ռուսաստանում: Կան խոսակցություններ, որ Ռուսաստանը և ԵՄ անդամ որոշ պետություններ բավականաչափ մոտեցել են ուղիղ ռազմական հակամարտության կամ միմյանց հարվածներ հասցնելուն։ Իհարկե, այստեղ տարբեր տեսակետներ կան․ շատերը պնդում են, որ Ռուսաստանը կփորձի որոշակի քայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տարածքում՝ վստահ լինելով, որ ամբողջական, կոշտ պատասխաններ չեն լինի, և դրանով կխորացնի կասկածները ՆԱՏՕ-ի կենսունակության վերաբերյալ, այդ թվում նաև անդամ երկրների շրջանում։ Եվ այսպես հիմք կդրվի ՆԱՏՕ-ի քայքայմանը, որտեղ շատ պետություններ կասեն․ «Եթե այդ 5-րդ հոդվածը, որը բոլորիս պետք է պաշտպանի, փաստացի չի գործում, այդ դեպքում ինչո՞ւ ենք ՆԱՏՕ-ի անդամ»։ Սա բավականաչափ տարածված տեսակետ է։ Կա նաև, իհարկե, հակառակ տեսակետը, որ ամեն դեպքում ուղղակի ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածքի վրա որևէ ռազմական հարձակում բավականաչափ ռիսկային է, քանի որ կարող է ևս մեկ միավորիչ գործոն դառնալ նույն Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև։ Հասկանալի է՝ Ռուսաստանին ձեռնտու է, որ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական պետությունների միջև տարաձայնություններ լինեն։ Այս բոլոր գնահատականներում կամ տարատեսակ սցենարներում էլ որոշակի տրամաբանություն կա։ Հիմա մի փոքր բարդ է պատկերացնել, որ առաջիկա շաբաթներին կամ նույնիսկ ամիսներին Ռուսաստանը կարող է ձեռնարկել այնպիսի գործողություն եվրոպական պետությունների դեմ, որը հստակ ցույց կտա Ռուսաստանի ներգրավվածությունը։
Լիլիթ Աբրահամյան
