Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները հայտարարել են, որ Միացյալ Թագավորության քաղաքական դաշտը փոխվում է, իսկ Վեսթմինսթերի գերիշխանության ժամանակը մոտենում է ավարտին։
Քարդիֆում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սվինին, Ուելսի կառավարության ղեկավար Ռուն ապ Իորվերթը և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ’Նիլը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Սա առաջին դեպքն է, երբ Միացյալ Թագավորության բոլոր երեք նշված տարածքները միաժամանակ ունեն ազգայնական կուսակցությունների ղեկավարներ։
Սվինին հանդիպումն անվանել է Միացյալ Թագավորության սահմանադրական ճանապարհի «առանցքային պահ»։ Առաջնորդները հայտարարել են, որ իրենց շարժումների նկատմամբ աջակցությունն աճում է և սահմանադրական փոփոխությունն անխուսափելի է դառնում։
Նրանք նաև կոչ են արել ճանաչել իրենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և Բրիտանիայի կառավարությանը պատրաստվել ու նպաստել յուրաքանչյուր տարածքի սահմանադրական փոփոխություններին։
Համագործակցության համաձայնագրով կողմերը նախատեսում են համատեղ աշխատել ավելի ուժեղ և արդար տնտեսության, սեփական էներգետիկ ռեսուրսների ընդլայնման և իրենց երկրների՝ Եվրոպական միության հետ ապագա հարաբերությունների շուրջ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Շին Ֆեյն» կուսակցության նախագահ Մերի Լու Մակդոնալդը, որը համաձայնագրի ստորագրումն անվանել է պատմական իրադարձություն։ Միաժամանակ առաջնորդները շեշտել են, որ իրենց կուսակցություններն ունեն տարբեր սահմանադրական նպատակներ, և յուրաքանչյուր ժողովուրդ պետք է որոշի իր ապագան իր ճանապարհով և իր ժամանակացույցով։
Շոտլանդիայի Ազգային կուսակցությունը հանդես է գալիս Շոտլանդիայի անկախության օգտին, Plaid Cymru-ն՝ անկախ Ուելսի, իսկ «Շին Ֆեյնը»՝ Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության վերամիավորման օգտին։
