ՀՀ Կառավարությունը ներկայացրել է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և Հայաստանի 4 մարզում: Միջոցառումների ցանկին ծանոթանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջից։
Սեպտեմբերի 17-ին Իջևանի Շատրվանների հրապարակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։
Սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հայքի հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն արդեն սիրված և ճանաչված «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերը։ Համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։
Սեպտեմբերի 19-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում տոնական տրամադրություն կապահովեն Հայաստանի լավագույն բենդերը։
Սեպտեմբերի 20-ին Գյումրու թատերական հրապարակում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հանրապետության լավագույն կատարողների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը։
Բոլոր մարզային համերգների սկիզբը ժամը 19:30 է:
Գլխավոր համերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում: Ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն Սևակ» բենդը և այլ սիրված արտիստներ. դիրիժոր` Սերգեյ Սմբատյան:
