Հուսանք՝ «իրական» Հայաստանի որևէ հատված Շուշիի ճակատագրին չի արժանանա․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն արձագանքել է Շուշիից տարածված տեսանյութերին, որոնցում հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային հուշարձանները ներկայացվում են որպես «աղվանական կառույցներ»։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության որևէ հատված չի արժանանա Շուշիի ճակատագրին։ 

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ Գանձասար և Դադիվանք այցելության ժամանակ հայկական եկեղեցիները ներկայացրել է որպես «հին Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության անբաժանելի մաս»։ Նա նաև նշել է, թե Գանձասարը XIII դարում իբր հիմնադրել է «Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան Ջալալ Դովլան»։

Արամ Ա-ն շեշտել է, որ խոր ցավով ու ընդվզումով է դիտել սոցիալական ցանցերը ողողած այս տեսանյութերը, նաև քննադատել է դեսպաններին։ 

«Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» դիտում ու լսում, թե ինչպես են մեր սրբերի աղոթքով, նահատակների արյամբ ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնեցված մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները ներկայացվում որպես աղվանական կառույցներ։ Պատմության ինչպիսի՜ ահավոր խեղաթյուրում՝ մեր աչքերի առաջ»,- գրել է Արամ Ա-ն։

Կաթողիկոսը տեղի ունեցածն անվանել է «ընդվզեցուցիչ երևույթ»՝ այն կապելով հայկական կողմի «անմիաբանության ու անհեռատես քաղաքականության» հետ։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է մղի ինքնագիտակցության և համախմբման՝ «հայրենիքի ու ազգի գերագույն և ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ»։

«Աղոթում ենք և հույս ունենք, որ խաղաղության կեղծ շպարի հետևում «իրական» Հայաստանից որևէ հատված Շուշիի ճակատագրին չի արժանանա»,- եզրափակել է Արամ Ա-ն։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Արցախի ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, բռնի տեղահանվեց Հայաստան։ Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հայկական կողմը և միջազգային կառույցները բազմիցս ահազանգել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության և դրա ինքնության խեղաթյուրման հաստատված փաստերի մասին։ Ադրեջանը ոչ միայն խեղաթյուրում է պատմությունը, այլև վանդալիզմի է ենթարկում հայկական ժառանգությունը։ 

Կարդացեք նաև՝ 

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

Ադրբեջանը մեկուկես տարում ոչնչացրել է Արցախի 50-ից ավելի մշակութային հուշարձան. ժամանակագրություն

 

Leave a Comment