Պետական ​​անձինք կապ ունեն ապօրինի կայանատեղիների կազմակերպման հետ. Ավինյան

Պետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են մայրաքաղաքում կայանատեղիների ապօրինի կազմակերպման գործընթացը և փորձում են որոշակի պաշտպանություն ապահովել, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես ունեմ արդեն ձևավորված կարծիք, որ մենք պետական համակարգում ունենք անձինք, ովքեր այս գործընթացը սպասարկում են և որոշակի պաշտպանություն են փորձում տալ, և ես կարծում եմ, որ պետք է շարունակաբար այս երևույթը վերացնել քաղաքից, քաղաքի կենտրոնից»,- նշել է Ավինյանը։

Նա նաև առաջարկել է քննարկել valet parking-ի նոր համակարգ և գործունեությունը բերել օրինական դաշտ, որպեսզի, իր խոսքով, «միջին մակարդակի չինովնիկներ այդտեղ սև փող չաշխատեն»։ Ավինյանը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել երկու ամսվա ընթացքում։

Բացի այդ, քաղաքապետը հայտարարել է, որ Երևանի մի շարք փողոցներում կայանատեղիները պետք է վերացնել՝ անխափան երթևեկությունն ապահովելու համար։

«Երևանում ունենք շատ տարածքներ, որտեղ կայանումը պետք է դուրս գա, որպեսզի անընդհատ երթևեկությունն ապահովվի ու չխոչընդոտվի»,- շեշտել է նա։

Ավինյանը Տրանսպորտի վարչությանը հանձնարարել է գործակարգավարական նիստերի ընթացքում ներկայացնել կատարվող աշխատանքը՝ մեկնաբանելով, որ տեղում պետք է շատ խոսել տրասպորտի խնդիրների մասին ու քննարկել տրվող լուծումները։ 

Քաղաքապետը ամեն շաբաթ քննարկելու համար ամրագրել է նաև խելացի լուսացույցերի, տեսախցիկների տեղադրման, ինչպես նաև Տրանսպորտի վարչության ու Երթևեկության կառավարման կենտրոնում կատարվող բոլոր աշխատանքները։

Leave a Comment