«Օսկար»-ի մրցանակակիր, դերասան Քրիստիան Բեյլը և պրոդյուսեր, բժիշկ Էրիկ Էսրայիլյանը Փալմդեյլ քաղաքում (Կալիֆոռնիա) պաշտոնապես բացել են «Together California» ավանը, գրել է armenianfilmsociety-ը։
Ըստ հարթակի՝ պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2026 թվականի սեպտեմբերի 11-ին։ Նախագծի նպատակն է թույլ տալ խնամատար համակարգում հայտնված քույրերին ու եղբայրներին ապրել միասին և չբաժանվել։
Բեյլն այս գաղափարը մշակել է շուրջ 18 տարի։ Նա իր տեսլականն առաջին անգամ Էրիկ Էսրայիլյանի հետ կիսել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի նկարահանումների ժամանակ, հայտնել է աղբյուրը։
Together California-ն Կալիֆոռնիայում իր տեսակի մեջ առաջինն է։ Ավելի քան 1000 քառակուսի մետր (11,000 քառ. ոտնաչափ) տարածքում կառուցվել է 12 կահավորված տուն, որոնք նախատեսված են երեխաների և ընտանիքների համար անվտանգ ու հոգատար միջավայր ապահովելու համար։
«Մեր խնդիրն է նրանց սրտի ցավն ու տառապանքը վերածել սիրո, հույսի և ապագայի զգացումի»,- բացման արարողության ժամանակ ընդգծել է Քրիստիան Բեյլը։
Նախագիծն իրականացվել է մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։ Շուրջ 9 միլիոն դոլար է հավաքագրվել Austrian American Council West-ի աջակցությամբ։ Նախագիծը Անտելոպ Վելի տեղափոխելու գործում առանցքային աջակցություն է ցուցաբերել նաև Լոս Անջելեսի շրջանի վերակացու Քեթրին Բարգերը։
Ակնկալվում է, որ Together California-ն իր առաջին բնակիչներին կընդունի արդեն հաջորդ ամիս։
Ապաստարանի մտահղացման մասին հայտնի էր դարձել այս տարվա փետրվարին։
