Շուտով 19-րդ օրը կլրանա, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը կալանքի տակ է։ Ես ուզում եմ մեր հանրությանը դիմելով ասել, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ ո՛չ կոռուպցիայի համար, կալանավորված չէ ո՛չ թալանի, ո՛չ Հոկտեմբերի 27-ի, ո՛չ Մարտի 1-ի, այլ կալանավորված է իր պարտականությունները կատարելու համար։ Այսինքն՝ ի պաշտոնե Հանրապետության նախագահը պարտավոր էր վավերացնել կառավարության որոշումները և ուրիշ այլ տարբերակ չուներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի կալանքին՝ շեշտելով, որ այն կրում է բացառապես քաղաքական բնույթ։
Նրա խոսքով՝ Քոչարյանի աշխատանքային տարիներին չի եղել որևէ կառավարական որոշում, որը նա չվավերացներ։
«Կուզենամ զուգահեռ տանել այսօրվա իրականությանը, երբ կառավարության որոշմամբ՝ չզեկուցվող հարցերի շրջանակում, Երևան քաղաքի համար ձեռք են բերվում ավտոբուսներ՝ հայտնի ժամկետանց ավտոբուսները։ Մի նստատեղ պակաս է, շարժիչի հզորությունն ուրիշ է, քաշը մոտ 600 կգ ավելի ծանր, որը բերելու է ավելի շատ վառելիքի ծախսի։ Ու փոխանակ դրա համար ինչ-որ մեկը դատվի կամ պատասխանատվություն կրի, բերում են, կառավարության որոշմամբ սղացնում են, ասում են՝ ամեն ինչ նորմալ է, և դրա տակ ստորագրում է Նիկոլ Փաշինյանը»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը: