Վերջին 5 օրերին Հայաստանը գտնվում է հարավից ներթափանցած տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ կստեղծի, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Օդերևութաբանի խոսքով՝ հոսանքներն իրենց զարգացման պիկին կհասնեն սեպտեմբերի 15-ին, ինչի հետևանքով ցերեկային ժամերին Երևանում, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում օդի ջերմաստիճանը կհասնի +33…+34°C-ի, առանձին հատվածներում՝ նույնիսկ +35°C-ի։
«Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ սեպտեմբերի 14-19-ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- նախազգուշացրել է նա։
Մինչև սեպտեմբերի 17-ը ջերմային ֆոնն էապես չի փոխվի։ Սեպտեմբերի 18-ին և 19-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի մոտ 2-4 աստիճանով։ Սեպտեմբերի 14-ի և 15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում, հատկապես Շիրակում և Տավուշում։
Սեպտեմբերի 18-ին և 19-ին կարճատև անձրևներ են սպասվում նաև կենտրոնական շրջաններում։ Սուրենյանը հորդորել է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
