Աշխարհագրական վետո․ Հայաստանի բողոքը՝ ԵԱՏՄ-ի փորձաքար

Աշխարհագրական վետո․ Հայաստանի բողոքը՝ ԵԱՏՄ-ի փորձաքար

Հայաստանը ԵԱՏՄ-ում բողոքարկել է Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները, ներառյալ՝ Ռուսաստանի տարածքով անդամ երրորդ երկրներ դրանց տեղափոխման արգելքը, պնդելով, որ դրանք հակասում են Միության ներքին սկզբունքներին։

ԵԱՏՄ-ն ստեղծվել է անդամ երկրների միջև ապրանքների ազատ տեղաշարժ ապահովելու համար։ Հիմա պատկերացնենք՝ հայկական ապրանքը նախատեսված է ոչ թե Ռուսաստանի, այլ Բելառուսի կամ Ղազախստանի համար։ Հայաստանը ցանկանում է վաճառել, Բելառուսն ու Ղազախստանը՝ գնել, սակայն բեռը պետք է անցնի Ռուսաստանի տարածքով։ Եթե Ռուսաստանն արգելում է դրա մուտքը կամ տարանցումը, անդամ մյուս երկրների հետ առևտուրը դառնում է անհնար։

Երբ ընդհանուր շուկայի ճանապարհը մեկ երկրի ձեռքում է

Ստացվում է պարադոքս․ ընդհանուր շուկայի երկու անդամի միջև ապրանքի ազատ տեղաշարժը կարող է կախված լինել երրորդ անդամ պետության որոշումից։

Մոսկվան, իհարկե, ուղիղ կերպով Բելառուսի փոխարեն չի որոշում՝ հայկական ապրանքը գնել, թե ոչ։ Այն ընդամենն ասում է՝ եթե ապրանքը բուսասանիտարական վտանգ է ներկայացնում, չի կարող մտնել կամ անցնել Ռուսաստանի տարածքով։ Նման սահմանափակում կիրառելու իրավունք ԵԱՏՄ անդամներն ունեն։

Բայց այստեղ իրավունքին խառնվում է աշխարհագրությունը։ Եթե Ղազախստան տանող ճանապարհն անցնում է Ռուսաստանով, ապա «իմ տարածքով չի անցնի» որոշումը գործնականում նշանակում է նաև՝ «Ղազախստան չի հասնի»։

Փոխենք երկրների անունները, և պարադոքսն ավելի տեսանելի կդառնա։ Ղրղզստանը ցանկանում է ապրանք վաճառել Ռուսաստանին, Ռուսաստանը՝ գնել։ Բայց ճանապարհին Ղազախստանն է՝ Ռուսաստանին միակ կապող անդամ երկիրը։ Եթե Աստանան բուսասանիտարական պատճառաբանությամբ արգելի բեռի անցումը, Մոսկվայի ու Բիշքեկի ցանկությունն այլևս քիչ նշանակություն կունենա․ ապրանքը պարզապես Ռուսաստան չի հասնի։

Նույն կերպ Բելառուսից Ղազախստան տանող հիմնական ցամաքային ճանապարհն անցնում է Ռուսաստանով։ Ստացվում է՝ թեև ԵԱՏՄ-ում որևէ անդամ մյուսների առևտրի նկատմամբ վետոյի իրավունք չունի, բայց որոշ երկրների աշխարհագրական դիրքը նրանց տալիս է վետոյի էֆեկտ ունենալու հնարավորություն։

Ինտեգրման հակառակ երեսը․ առավելությունից մինչև կախվածություն

Սակայն խնդիրը միայն ճանապարհը չէ։ ԵԱՏՄ անդամակցությունը տարիների ընթացքում փոխում է նաև անդամ երկրների տնտեսությունների վարքագիծը։ Եթե արտադրողն ունի մեծ շուկա, ուր ապրանքը կարող է հասցնել ավելի պարզ պայմաններով, բնական է՝ հենց այդ ուղղությամբ էլ կառուցում է իր բիզնեսը։ Գտնում է գնորդներ, հարմարեցնում արտադրանքը, ստեղծում մատակարարման շղթաներ ու լոգիստիկա։ Այլ շուկաներ փնտրելու անհրաժեշտությունն այդ ընթացքում փոքրանում, շատ դեպքերում՝ ուղղակի կորչում։ Սա ինտեգրման առավելությունն է։ Բայց այն ունի նաև հակառակ երեսը։ Որքան տնտեսությունն ավելի է հարմարվում մեկ ընդհանուր շուկայի կանոններին, այնքան ավելի ցավոտ է դառնում այդ շուկայի հանկարծակի փակվելը։ Նոր գնորդ, նոր չափանիշներ ու հավաստագրեր, նոր ճանապարհներ ու պայմանագրեր մեկ օրում չեն հայտնվում։ Դրանց համար երբեմն տարիներ են պետք։

Հենց այստեղ է, որ տնտեսական կախվածությունը քաղաքական արժեք է ստանում։ Շուկան փակելու ցավոտ ազդեցությունը ծնվում է ոչ թե այն օրը, երբ սահմանին կանգնեցնում են առաջին բեռնատարը, այլ դրան նախորդած ինտեգրման տարիներին։ Այսինքն, Ռուսաստանի սահմանափակումների ուժը ոչ թե ֆիտոսանիտարական պատճառաբանությունների, այլ տարիների ընթացքում այլ շուկաներից Հայաստանի կտրվելու փաստի մեջ է։ Որքան խորն է ինտեգրումը, այնքան բարձր է դառնում դրանից հանկարծակի դուրս մնալու կամ դուրս թողնելու գինը։

Եվ այդ գինը կարելի է խաղարկել քաղաքական պահանջագրերի տեսքով։ Մայիսի 22-ից Ռուսաստանի կողմից հայաստանյան արտադրության գյուղատնտեսական տարբեր ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն, ի վերջո, հունիսի 12-ից տարածվեցին Հայաստանից ուղարկվող՝ ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի վրա, ներառյալ՝ Ռուսաստանով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ տարանցումը։

Մոսկվայի բացատրությունը ֆիտոսանիտարական է․ ռուսական վերահսկող մարմինը խոսում է խախտումների աճի, կարանտինային վնասատուների հայտնաբերման և հայկական հավաստագրման համակարգի նկատմամբ վստահության կորստի մասին։ Սահմանափակումների շղթան սկսվեց և արագ ընդլայնվեց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, իսկ այդ շրջանում Երևան-Մոսկվա հարաբերություններն արդեն ուղեկցվում էին Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության շուրջ բաց տարաձայնություններով, ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ Ռուսաստանից հնչեցված վերջնագրով։

Այս համընկնումն է թույլ տալիս կիրառվող սահմանափակումների ներքո տեսնել ֆիտոսանիտարական հիմնավորումներով փաթեթավորված քաղաքական ենթատեքստ․ ինչո՞ւ տարիներ շարունակ նույն շուկա մտնող հայկական ապրանքների ոչ թե առանձին խմբաքանակները, այլ այդքան լայն շրջանակը միանգամից խնդրահարույց դարձավ հենց ԵԱՏՄ-ԵՄ ընտրություն կատարելու, այդ նպատակով հանրաքվե անցկացնելու մասին բաց տեքստով հնչող պահանջներին զուգընթաց։

Հենց այս պատճառով Հայաստանի ներկայացրած բողոքը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան հայկական լոլիկի, ծիրանի կամ ծաղիկների վերադարձը ռուսական շուկա։ Երևանն, ըստ էության, ԵԱՏՄ-ին առաջարկում է պատասխանել իր իսկ գոյությանն ու իմաստին ուղիղ վերաբերող հարցերից մեկին՝ ի՞նչ է նշանակում «ընդհանուր շուկա», եթե դրա անդամներից մեկը կարող է մյուսի համար փակել ոչ միայն սեփական շուկան, այլև դեպի երրորդ անդամ երկրներ տանող ճանապարհը։

Իսկ վա՞ղն ով է լինելու Հայաստանի տեղում․ փորձություն ամբողջ ԵԱՏՄ-ի համար

Այժմ գնդակը ԵԱՏՄ դաշտում է։ Բայց, անկախ վերջնարդյունքից, այս պատմությունը մեկ կարևոր բան արդեն ապացուցել է։ Տնտեսական միությունը միայն բաց սահմանների, մեծ շուկայի ու արտահանման հնարավորությունների մասին չէ։ Այն նաև փոխադարձ կախվածությունների և միմյանց նկատմամբ լծակների համակարգ է։ Երբ այդ կախվածությունները հավասար չեն, ավելի մեծ շուկա, ավելի կարևոր ճանապարհ կամ ավելի ուժեղ տնտեսական դիրք ունեցող երկիրը ձեռք է բերում մի առավելություն, որը տնտեսական վեճի սահմաններից հեշտությամբ կարող է դուրս գալ ու վերածվել մահակի։

Ուստի Հայաստանի բողոքը ԵԱՏՄ-ի փորձաքարն է։ Այսօր նման իրավիճակում Հայաստանն է, վաղը կարող է լինել Ղրղզստանը, Բելառուսը կամ մեկ այլ անդամ։ Կարող են փոխվել ապրանքը, տարանցիկ երկիրը կամ պատճառաբանությունը, բայց հարցը նույնն է մնալու՝ ընդհանուր շուկայի կանոնները կարո՞ղ են պաշտպանել անդամին մյուսների կամայականություններից, թե՞ ոչ, ԵԱՏՄ-ն ի զորո՞ւ է ունենալ բավարար պաշտպանիչ մեխանիզմներ, որպեսզի տնտեսական ինտեգրման գործիքները մի օր չվերածվեն քաղաքական ազդեցության միջոցի՝ որևէ անդամ պետության քմահաճույքով։

Ուստի, հետաքրքիր է լինելու մյուս մայրաքաղաքների արձագանքը․ նրանք Հայաստանի վեճին նայում են որպես «ուրիշի» խնդրի՞, թե՞ նախադեպի, կամ, պատկերավոր ասած, ուղտի, որը վաղը կարող է նաև իրենց դռանը չոքել։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment