Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, հայտնել են ՀՀ-ում ԻՐանի դեսպանությունից։
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին։ Հայկական կողմից մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, իրանական կողմից՝ Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ֆորուդ Ասգարին։
Կողմերը քննարկել են նաև մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակումը, բեռնատարների տեղաշարժի դյուրացումը, մաքսային հսկողության համակարգումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը դյուրացնելու, արագացնելու և ավելացնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը։
Այնուհետև Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարներն այցելել են Իրան-Հայաստան սահմանային տերմինալ։
Օգոստոսին Իրանը կոչ էր արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» անցակետով տարանցմանը խոչընդոտող խնդիրները։
