Ուրբաթ օրը Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում տարեցների խնամքի կենտրոնում բռնկված հրդեհը վտանգել է վեց տարեց բնակչի կյանքը։ Երկու հայ եղբայրների արագ արձագանքի շնորհիվ, սակայն, հնարավոր է եղել նրանց դուրս բերել շենքից մինչև հրշեջների ժամանումը։
20-ամյա Ալեքս Բազինյանը և նրա 15-ամյա եղբայրը՝ Նարեկը, բնակվում են Մաունթին փողոցի 1800-րդ թաղամասում՝ խնամքի կենտրոնի հարևանությամբ։ Հրդեհը բռնկվել է մոտավորապես ժամը 16։45-ին։ Մինչ հրշեջների ժամանումը՝ շենքից արդեն բոցեր և թանձր ծուխ էր դուրս գալիս։
«Ես դուրս վազեցի և նայում էի դեպի մուտքի դուռը, երբ տեսա դրսում գտնվող բուժքրոջը, որը օգնություն էր կանչում»,- KTLA-ին պատմել է Ալեքսը։
Նարեկի խոսքով՝ սկզբում ինքը վերցրել է ջրի խողովակը՝ փորձելով մարել կրակը, սակայն հրդեհն ավելի է ուժեղացել, իսկ ներսից լսվող օգնության կանչերը՝ ավելի բարձրացել։ Այդ պահին եղբայրները որոշել են մտնել շենք։
Տեղեկությունների համաձայն՝ շենքում ութ մարդ է եղել, որոնցից երկուսը՝ բուժքույր։ Եղբայրների խոսքով՝ բուժքույրերը դժվարացել են տարեցներին անվտանգ վայր տեղափոխել։
«Ես մտա մեծ սենյակ և տեսա հատակին ընկած տարեց մարդկանց՝ կաթիլայիններով»,- ասել է Ալեքսը։ Նրա խոսքով՝ նրանցից ոմանք վնասվածքներ էին ստացել, և ոտքերին արյուն կար։ «Մենք պարզապես բոլորին մեկ առ մեկ դուրս բերեցինք»,- նշել է նա։
Երկու եղբայրներին միացել են ևս երկու հարևաններ։ Նրանց համատեղ ջանքերի շնորհիվ վեց տարեց բնակիչներին հաջողվել է դուրս բերել շենքից՝ նախքան հրշեջների ժամանումը։