Հայաստանը ներկայացնող ըմբիշ Մանվել Խնձրցյանը (57 կգ) Հայաստանի առաջին ոսկե մեդալն է նվաճել Երևանում ընթացող «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Երկու հայ ըմբիշ կանցկացնի եզրափակիչ գոտեմարտ։ 61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանը կմրցի Մեյրմբեկ Կարտբայի հետ, 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը՝ Իբրահիմ Իբրագիմովի հետ։
Այս տարի «Ստեփան Սարգսյանի գավաթ» մրցաշարին մասնակցում է 15 երկրի 181 մարզիկ։ Հայաստանի հավաքականը ներկայացված է երկրի գրեթե բոլոր առաջատար ըմբիշներով։
Մրցաշարի պաշտոնական բացման արարողությունը և եզրափակիչ գոտեմարտերի առաջին փուլը տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ին։ Եզրափակիչների երկրորդ մասը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ից սկսած։
Մրցաշարն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային հայ ազատ ոճի ըմբիշ Ստեփան Սարգսյանի։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ էր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, ինչպես նաև աշխարհի գավաթի եռակի հաղթող։
