Tour of Armenia միջազգային հեծանվավազքի երրորդ մրցափուլի hաղթող է ճանաչվել Netcompany Ineos Racing Academy թիմի ներկայացուցիչ բրիտանացի Մաքս Հայնդսը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նա 162 կմ մրցատարածությունը հատել է 3 ժամ 40 րոպե 24 վայրկյանում՝ 44.101 կմ/ժ միջին արագությամբ: Հեծանվորդը նաև վաստակել է 12 վայրկյան բոնուսային ժամանակ:
Աշխարհի 16 երկրների պրոֆեսիոնալ հեծանվորդներն այսօր հաղթահարել են Մարտունի–Դիլիջան/Պարզ լիճ 162 կմ երկարությամբ երթուղին:
Մրցափուլի մեկնարկը տրվել է Մարտունիում: Հեծանվորդներն անցել են Գեղարքունիքի, ապա Կոտայքի և Տավուշի մարզերով։
Ընդհանուր հաշվարկի նոր առաջատար է դարձել Team Ukyo-ի հեծանվորդ Սիմոնե Ռականին: Մրցափուլի հաղթողին, ինչպես նաև տարբեր դասակարգումների առաջատարներին մրցանակները հանձնել է Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Սամուել Սանչեսը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցաշարի պաշտոնական դեսպանն է:
Սեպտեմբերի 13-ին մրցաշարը կեզրափակվի Երևանում՝ Հանրապետության հրապարակում:
