Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի իշխանությունները նախատեսում են Դամասկոսում գտնվող Մեզզեի նախկին ռազմական օդանավակայանը վերափոխել և օգտագործել մասնավոր ու բիզնես ավիացիայի համար։ Reuters-ի փոխանցմամբ՝ նախագիծը մտահոգություն է առաջացրել իրավապաշտպանների և տեղի բնակիչների շրջանում, քանի որ օդանավակայանի տարածքում ենթադրյալ զանգվածային գերեզմաններ կան։

Բաշար և Հաֆեզ Ասադների կառավարման տարիներին Մեզզեի տարածքում գործել են ռազմաօդային հետախուզության ստորաբաժանումներ և կալանավայրեր։ Syria Justice and Accountability Centre-ի տվյալներով՝ այնտեղ ավելի քան 1150 կալանավոր է մահացել՝ մահապատիժների, խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի հետևանքով։ Կազմակերպությունը օդանավակայանի տարածքում հայտնաբերել է երկու ենթադրյալ գերեզմանատեղի և իշխանություններին կոչ արել շինարարական աշխատանքներ չիրականացնել մինչև դրանց ամբողջական ուսումնասիրությունը։

Նախագծին դեմ են արտահայտվել նաև տարածքի նախկին սեփականատերերի ընտանիքները։ Փաստաթղթերի համաձայն՝ օդանավակայանը կառուցվել է հարյուրավոր քաղաքացիների պատկանող շուրջ 2,76 քառակուսի կիլոմետր հողատարածքի վրա։ Բնակիչները պնդում են, որ ժամանակին հողերը բռնագրավվել են առանց պատշաճ փոխհատուցման և այժմ պահանջում են իրենց սեփականության իրավունքների հարցը լուծել նախքան տարածքի վերակառուցումը։



Leave a Comment