Սաուդյան Արաբիան ԱԹՍ-ների մի քանի հարձակումից հետո ժամանակավորապես դադարեցրել է Հորմուզի նեղուցը շրջանցող «Արևելք–Արևմուտք» ռազմավարական նավթամուղի աշխատանքը, հայտնել է Սաուդյան Արաբիայի պետական SPA գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի նախարարությանը։
Պաշտոնական հաղորդագրությունում նավթամուղի վերագործարկման ժամկետի մասին չի հայտարարվել։
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նավթամուղը թիրախավորած ԱԹՍ-ները արձակվել են Իրաքի տարածքից։ Միաժամանակ հարձակման անմիջական պատասխանատուն պաշտոնապես չի բացահայտվել։
Իրաքի իշխանությունները հաստատել են, որ ԱԹՍ-ներն արձակվել են Իրանի սահմանին գտնվող Մայսան նահանգից։ Իրաքի վարչապետը հրահանգել է հետաքննություն անցկացնել և պաշտոնից ազատել նահանգում ռազմական գործողությունները ղեկավարող հրամանատարին։ Իրաքի վարչապետի խնդրանքով Էր Ռիադն առայժմ հրաժարվել է պատասխան հարվածից, սակայն հայտարարել է, որ պահպանում է իր ենթակառուցվածքները պաշտպանելու իրավունքը։
Մոտ 1200 կմ երկարությամբ նավթամուղը Սաուդյան Արաբիայի արևելյան հանքավայրերը կապում է Կարմիր ծովի Յանբու նավահանգստին։ Reuters-ի տվյալներով՝ վերջին ամիսներին դրանով օրական տեղափոխվել է 4-5 մլն բարել նավթ՝ համաշխարհային մատակարարումների շուրջ 4-5%-ը։
Շաբաթվա ընթացքում Brent և WTI տեսակի նավթը թանկացել է ավելի քան 8%-ով:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ, Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցների նկատմամբ ազդեցության մեծացմամբ Թեհրանն իր վերահսկողության տակ է վերցնում համաշխարհային առևտրի երկու կարևոր ուղիներ։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակի ամրապնդումը կարող է Իրանը դարձնել բոլորովին այլ կշիռ ունեցող տարածաշրջանային գերտերություն։
Հութիները վերահսկողություն են հաստատել Եմենի ռազմավարական Մոչա նավահանգստի նկատմամբ և առաջխաղացել դեպի Հանիշ կղզիներ՝ սպառնալիք ստեղծելով Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավարկության համար։ Հորմուզի նեղուցի փակ լինելու պայմաններում Սաուդյան Արաբիան նավթի արտահանման համար ապավինում էր Կարմիր ծովով անցնող երթուղուն։
