Լիբանանը որևէ նոր բանակցություն չի վարում Իսրայելի հետ, հայտարարել է երկրի նախագահ Ջոզեֆ Աունը հարավային Նաբաթիե քաղաք կատարած այցելության ընթացքում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Լիբանանյան կողմը պահանջում է իսրայելական զորքերի անհապաղ դուրսբերում երկրի հարավային հատվածներից, ինչպես նաև բանտարկյալների և տեղահանված քաղաքացիների վերադարձ իրենց բնակավայրեր։
Պետությունն արդեն սկսել է ավերված բնակավայրերի վերականգնման աշխատանքները։ Նախագահի խոսքով՝ Նաբաթիե, Թայր և Արաբ Սալիմ համայնքների օգնության կոչերն անպատասխան չեն մնա, և իշխանություններն անում են ամեն ինչ բնակչության դիմադրողականությունն ապահովելու համար։
Լիբանանի բանակի հրամանատարությունը լրացուցիչ ռազմական համալրումներ է ուղարկել Նաբաթիե նահանգի հարավային հատվածներ՝ անվտանգության գործողություններն ակտիվացնելու նպատակով։
Այս քայլերը հաջորդել են Իսրայելի կողմից սեպտեմբերի 9-ին իրականացված ինտենսիվ ավիահարվածներին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 27 մարդ, ևս 69-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների թիվը սեպտեմբերի 7-ին հասել էր 4372-ի, իսկ վիրավորներինը՝ 12 364-ի։ Սեպտեմբերի 6-ին հարավային Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել էր 4 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել։
