Գազի թանկացման դեպքում կբարձրացնենք 102-րդ ռազմաբազայի վարձավճարը․ Գաբրիելյան

Հայաստանը կարող է բարձրացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման համար վճարը, եթե ռուսական գազը թանկանա։ Նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ին տված հարցազրույցում։

ՔՊ պատգամավորի գնահատմամբ, 2021 և 2022 թվականների իրադարձությունները, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքը ենթարկվել է հարձակման Ադրբեջանի կողմից, ցույց են տվել, որ ռազմաբազան չի կատարել այն առաքելությունը,

Անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերմանը ռիսկերի մասին, Գաբրիելյանը նշել է, որ դա բացասաբար չի ազդի Հայաստանի անվտանգության վրա:

Անդրադառնալով ապագայում Ռուսաստանին բազան դուրս բերելու պահանջ ներկայացնելու հնարավորությանը՝ պատգամավորն ընդգծել է, որ որևէ սցենար բացառված չէ։ Նրա խոսքով՝ նման հարց բարձրացնելը Հայաստանի իրավունքն է։

«Կարծում եմ, որևէ բան բացառված չէ ապագայում։ Դա երկու պետությունների փոխհարաբերությունների շրջանակում ևս մեր իրավունքի մեջ է մտնում, որովհետև, ըստ պայմանագրի՝ ռազմաբազան կարող է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերվել կողմերից մեկի պահանջով»,- պարզաբանել է նա։

Խոսելով վարչապետի այն ակնարկի մասին, թե ռուսական գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է «թանկացնել» որոշ բաներ, Գաբրիելյանը չի բացառել, որ դա կարող է վերաբերել նաև ռազմաբազայի տեղակայման համար վճարին։

«Ինչո՞ւ ոչ։ Այո՛։ Իմ անձնական տեսակետը նաև դա է»,- ասել է նա։

Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում 1995 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի հիման վրա, իսկ 2010 թվականին կողմերը բազայի տեղակայման ժամկետը երկարաձգել են մինչև 2044 թվականը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է «նույնիսկ վաղը» դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, եթե Երևանը համարում է, որ դրա կարիքը չունի։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։

Փաշինյանը սեպտեմբերի 2-ին պատասխանել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել 102-րդ ռազմաբազան հանրապետության տարածքից։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ Երևանն ինքը ռազմաբազայի դուրսբերման հարց չի բարձրացրել։

 

Leave a Comment