Ադրբեջանն ու Թուրքիան երեք նոր էներգետիկ միջանցք են մշակում – armeniatoday.am

Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են էլեկտրաէներգիայի փոխանցման երեք ուղղությունների վրա, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Խոսքը վերաբերվում է Նախիջևան–Թուրքիա կապին, Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Բուլղարիա «կանաչ» միջանցքին և Սև ծովի հատակով դեպի Ռումինիա ու Հունգարիա ձգվող գծին, որին կարող է միանալ նաև Անկարան։

Նախագծերը քննարկվել են սեպտեմբերի 11-ին Բաքվում կայացած Ադրբեջան–Թուրքիա 5-րդ էներգետիկ ֆորումում, որը համանախագահել են Բայրաքթարը և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Ֆորումի ավարտին կողմերը ստորագրել են արձանագրություն։

Երկրորդը Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բուլղարիայի մասնակցությամբ «Կանաչ էլեկտրաէներգիայի արտադրության և առևտրի» միջանցքն է, որը թուրք նախարարը բնութագրել է որպես «էլեկտրաէներգետիկ TANAP»։ Նախատեսվում է սկզբնական փուլում օգտագործել գործող ենթակառուցվածքները, ապա աստիճանաբար մեծացնել դրանց թողունակությունը։ Անկարան ցանկանում է նախագծի վերաբերյալ փաստաթղթեր ստորագրել նոյեմբերի 9-20-ը Անթալիայում կայանալիք COP31-ի ընթացքում։

Երրորդ ուղղությունը Սև ծովի հատակով դեպի Եվրոպա՝ Ռումինիա և Հունգարիա, էլեկտրահաղորդման գծի կառուցումն է։ Բայրաքթարը նշել է, որ Թուրքիան կարող է միանալ նախագծին, սակայն նրա մասնակցության վերաբերյալ վերջնական որոշման մասին չի հայտնել։

Ֆորումի արձանագրությամբ կողմերը պայմանավորվել են ավելի մանրամասն ուսումնասիրել էլեկտրահամակարգերի փոխկապակցման հարցը։ Հետագա ֆորումների աշխատանքային խմբերից մեկը հատուկ զբաղվելու է այդ ուղղությամբ։

Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տեղեկություններով՝ կողմերը նաև համաձայնեցրել են համագործակցությունը շարունակել բնական գազի մատակարարումների և ենթակառուցվածքների, էլեկտրաէներգիայի շուկայի կարգավորման, վերականգնվող էներգիայի, էներգիայի կուտակման համակարգերի, խելացի հաշվիչների և ածխածնային սահմանային կարգավորման մեխանիզմի ոլորտներում։ Քննարկվել են նաև ծովային հողմային էներգետիկան, արևային ու հողմային նախագծերը և վերականգնվող էներգիայի ինտեգրումը ցանցերին։

Բաքվի տվյալներով՝ գործող նավթագազային ենթակառուցվածքներով Ադրբեջանից Թուրքիա և Թուրքիայի տարածքով արտաքին շուկաներ ընդհանուր առմամբ մատակարարվել է 561 մլն տոննա նավթ և 196 մլրդ խորանարդ մետր գազ։ Թուրքիա մատակարարված ադրբեջանական գազի ծավալը կազմել է 130 մլրդ խորանարդ մետր, որից 40 մլրդ-ը՝ TANAP գազատարով։

Leave a Comment