Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը սեպտեմբերի 11-ին մերժել է Անգլիայում և Ուելսում մահացու հիվանդ մարդկանց կյանքի ավարտին բժշկական աջակցություն տրամադրելու օրինագիծը, հայտնում է BBC-ն։
Նախաձեռնությանը դեմ է քվեարկել 286, կողմ՝ 270 պատգամավոր։ Քանի որ օրինագիծը չի հաղթահարել երկրորդ ընթերցումը, դրա քննարկումը խորհրդարանում չի շարունակվի։
Օրինագիծը նախատեսում էր, որ 18 տարին լրացած և որոշումներ կայացնելու ունակ այն անձինք, որոնց, բժիշկների գնահատմամբ, մնացել է վեց ամսից պակաս կյանք, կարող էին դիմել կյանքի ավարտին բժշկական աջակցություն ստանալու համար։ Կարգավորումը տարածվելու էր միայն Անգլիայի և Ուելսի բնակիչների վրա։
Դիմումը պետք է առանձին հաստատեին երկու բժիշկ և մասնագիտական հանձնաժողով։ Նախատեսված էր նաև առնվազն 14-օրյա ժամկետ՝ որոշումը վերանայելու համար։ Դեղամիջոցը հիվանդը պետք է ընդուներ ինքնուրույն։
Օրինագծի ընդդիմախոսները մտահոգություն էին հայտնել, որ առաջարկվող երաշխիքները բավարար չեն խոցելի անձանց հարկադրանքից պաշտպանելու համար։ Նրանք նաև կոչ էին արել առաջնահերթ զարգացնել պալիատիվ օգնության համակարգը։ Նախաձեռնության կողմնակիցները պնդում էին, որ մահացու հիվանդներն իրավունք պետք է ունենան ինքնուրույն որոշելու իրենց կյանքի ավարտի հարցը։
Նմանատիպ օրինագիծը Համայնքների պալատը 2025 թվականի հունիսին ընդունել էր 314 կողմ և 291 դեմ ձայներով, սակայն այն չէր հասցրել անցնել Լորդերի պալատի բոլոր փուլերը։
2026 թվականի հուլիսին Ֆրանսիայի Ազգային ժողովը, ի տարբերություն բրիտանական խորհրդարանի, վերջնական քվեարկությամբ ընդունել էր բժշկական աջակցությամբ կյանքից հեռանալու իրավունքի մասին օրինագիծը։ Այն տարածվում է չափահաս քաղաքացիների և Ֆրանսիայում օրինական բնակվող անձանց վրա, որոնք տառապում են ծանր ու անբուժելի հիվանդությամբ՝ դրա ուշ կամ մահացու փուլում։
