Աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների թեկնածուների ընտրության գործընթացը համակարգում են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում են լրատվամիջոցները։
«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների համաձայն՝ Պապոյանն ու Խուդաթյանը գրեթե ամեն օր այցելում են Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու և այլ մարզեր, որտեղ փակ հանդիպումներ են անցկացնում ՔՊ տեղական կառույցների ներկայացուցիչների և համայնքային գործիչների հետ։ Նախարարները հնարավոր թեկնածուների ու համայնքներում առկա տրամադրությունների մասին զեկուցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանը ցանկություն է հայտնել առաջիկա ընտրություններում գլխավորելու ՔՊ ցուցակը։ Կուսակցության վարչությունը պետք է ընտրություն կատարի երեք թեկնածուի՝ Զաքարյանի, համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանի և գործարար Սերգեյ Գալստյանի միջև։
Գորիսի նախկին քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր «Բիզնես» կուսակցությամբ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի հետ դաշինքով։ Առուշանյանը հայտարարել էր, որ իշխող ուժի հետ «կառուցողական հարաբերություններ» ունի, և համատեղ աշխատանքը «լավ է ստացվում»։
Սեպտեմբերի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, որ իշխող կուսակցությունը դաշինք է կազմելու այն ուժի հետ, որով առաջադրվելու է Առուշանյանը։ Փաշինյանն այս որոշումը պայմանավորել էր Գորիսում նոր լարվածություններ չառաջացնելու և քաղաքացիների ձայնը հաշվի առնելու անհրաժեշտությամբ՝ հայտարարելով, որ իշխանությունը ենթարկվել է «գորիսեցիների պարտադրանքին»։
Գորիսում և Մեղրիում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին։
