Սեպտեմբերի 11-ին ԵՊՀ ռեկտոր ընտրված պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը զայրացել է իրեն դեմ քվեարկողների վրա և հանձնարարել է պարզել դեմ քվեարկածներին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրերին։
Ըստ լրատվականի՝ մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմում մեծ դժգոհություն է ձևավորվել մրցույթի և դրա արդյունքների վերաբերյալ։
Թերթի աղբյուրների պնդմամբ՝ դասախոսների մի մասը տեղի ունեցածն իրականում ընտրություն չի համարում, այլ «վերևից հրահանգված վերանշանակում»։
Համալսարանական շրջանակներում նաև քննադատում են Հովհաննիսյանի ղեկավարումը և մտահոգություն հայտնում համալսարանի հետագա զարգացման վերաբերյալ։
Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից քվեարկությանը մասնակցել է 19-ը։ Նրանցից 14-ը կողմ է քվեարկել, 3-ը՝ դեմ, իսկ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Թերթի պնդմամբ՝ ռեկտորի դեմ քվեարկածների թվում կարող են լինել խորհրդի ուսանող անդամները։
Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։
