Հրապարակված նյութերը ներառում են 71 հետախուզական զեկույց, որոնք ի սկզբանե պատրաստվել էին ԱՄՆ նախագահի համար։ Այդ փաստաթղթերն ընդգրկում են 1998 թվականի փետրվարից մինչև 2001 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը՝ ներառելով Բիլ Քլինթոնի և, նրան հաջորդած, Ջորջ Բուշի վարչակազմերի օրոք գործունեության շրջանը։
Զեկույցները ցույց են տալիս, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվել ԿՀՎ-ի վերլուծաբանների պատկերացումը «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման սպառնալիքի վերաբերյալ, ինչպես նաև արտացոլում են խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի գործողությունների և մտադրությունների մասին նախազգուշացնելու փորձերը։
Ընդհանուր առմամբ հրապարակվել է 101 էջ։ Փաստաթղթերը հրապարակվել են որոշակի հատվածների խմբագրմամբ (ծածկագրմամբ)։
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում նշել են ողբերգական ահաբեկչությունների 25-ամյա տարելիցը։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ցանցի 19 ահաբեկիչներ առևանգել են ԱՄՆ-ում չորս ուղևորատար ինքնաթիռ։ Նրանք դրանցից երկուսն ուղղել են դեպի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներ (որոնք այդ ժամանակ Նյու Յորքի ամենաբարձր շենքերն էին), իսկ երրորդը՝ դեպի Պենտագոնի շենքը՝ Վաշինգտոնի արվարձանում։ Չորրորդ ինքնաթիռը նույնպես ուղղվում էր դեպի ԱՄՆ մայրաքաղաք, սակայն կործանվել է Շանկսվիլ քաղաքի մերձակայքում։ Հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 2977 մարդ։