Սանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետո


Միջազգային


Սանկտ Պետերբուրգը դառնում է վառելիքային ճգնաժամի նոր ալիքի նոր էպիկենտրոնը՝ բենզալցակայաններում կիլոմետրանոց հերթերով, դատարկ բենզալցման սյունակներով և բենզինի վաճառքի խիստ սահմանափակումներով։


Սեպտեմբերի 11-ի դրությամբ այն լցակայանների թիվը, որտեղ բենզինը հասանելի էր առանց հերթի, ընկել է 40%-ից ցածր, մինչդեռ օգոստոսին դեռ այն պահվում էր մոտ 90%-ի մակարդակում, հետևում է «ГдеБенз» ծառայության տվյալներից, որոնք վերլուծել է տնտեսագետ Յանիս Կլյուգեն։ Գործնականում յուրաքանչյուր երկրորդ ԱԶԿ-ում ընդհանրապես բենզին չկար։ Սեպտեմբերի 3–9-ը բենզինի հետ կապված իրավիճակի վատթարացման տեմպերով Պետերբուրգը դարձել է հակաառաջատար խոշոր ռուսական քաղաքների շարքում։



Վառելիքը սկսել է լցակայաններից անհետանալ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի խոշորագույն և երկրի հզորությամբ երկրորդ գործարանի՝ «ԿԻՆԵՖ» նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից մի քանի օր անց։ Reuters-ի տվյալներով՝ գործարանը, որը տարեկան արտադրում է 2 միլիոն տոննա բենզին և 7 միլիոն տոննա դիզելային վառելիք, վնասվել է նավթի վերամշակման երկու կայանքներում էլ և օգոստոսի 30-ին դադարեցրել է արտադրությունը։ Կիրիշիի գործարանը Սանկտ Պետերբուրգի բենզինի հիմնական մատակարարն է. հարձակումից մի քանի օր անց քաղաքում սկսել են հերթեր գոյանալ լցակայաններում, իսկ բաց ԱԶԿ-ների մասնաբաժինը կրճատվել է, նշում է Կլյուգեն։

Իրավիճակը նմանատիպ սցենարով է զարգանում նաև Նիժնի Նովգորոդում, նշում է նա. օգոստոսի 26-ին ԱԹՍ-ի հարվածի տակ է ընկել և նավթի վերամշակումը վթարային կերպով դադարեցրել «Լուկոյլ»-ի «ՆՈՐՍԻ» գործարանը։ Արդյունքում քաղաքում գրեթե բոլոր ԱԶԿ-ների մեկ քառորդը մնացել է առանց բենզինի, իսկ այն լցակայանների մասնաբաժինը, որտեղ վառելիքը հասանելի է առանց հերթերի, նվազել է 80%-ից մինչև 50%։

Պետերբուրգում բենզինի պակասի հետ կապված իրավիճակն այժմ նույնիսկ ավելի վատ է, քան հուլիսին՝ ճգնաժամի նախորդ ալիքի ժամանակ, «Ֆոնտանկա»-ին պատմել են քաղաքում աշխատող տաքսու վարորդները։ «Հերթը՝ կիլոմետրերով է»,- բողոքում է նրանցից մեկը։ Մյուսի ասելով՝ քաղաքում բենզին կա, բայց քիչ, և միայն՝ «Գազպրոմնեֆտ»-ի ու «Ռոսնեֆտ»-ի լցակայաններում։ «Մոտ երկու ժամ պիտի հերթ կանգնես»,- պատմում է վարորդը։

Վառելիքի հետ կապված իրավիճակը կրկնում է հուլիսյան սցենարը. մի շարք ԱԶԿ-ներում վառելիքի մատակարարումները կրճատվել են, առանձին կայաններում հնարավոր են խափանումներ, սեպտեմբերի 10-ին հայտարարել է Լենինգրադի մարզի տնտեսական զարգացման գծով փոխնահանգապետ Եգոր Միշչերյակովը։ Ըստ նրա՝ պատճառը «վերամշակող հզորությունների վրա հարձակումների ֆոնին առաջացած լոգիստիկ խափանումներն են», ընդ որում իշխանություններն «անցել են վառելիքի մատակարարումների ձեռքով կառավարման ռեժիմի»։


Leave a Comment