Խաչատրյանի փաստաբանները հակադարձել են 193 գույքի մասին դատախազության հրապարակմանը

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարել են, որ Գլխավոր դատախազության հրապարակած՝ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վերագրվող 193 անշարժ գույքի մասին տվյալները չեն արտացոլում նրանց փաստացի պատկանող գույքերի քանակը։

Խաչատրյանին ձերբակալել էին սեպտեմբերի 1-ին, ավելի ուշ՝ կալանավորել։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, փողերի լվացման համար, անցնում նաև ապօրինի գույքի գործով։ 

«Առանձին սեփականության վկայականների քանակը չի արտացոլում փաստացի ինքնուրույն օգտագործվող գույքերի թիվը»,- հայտարարել են փաստաբանները։

Պաշտպանության տվյալներով՝ մոտ 90 սեփականության վկայական վերաբերում է Եղվարդ քաղաքի հարակից տարածքում գտնվող մեկ հողատարածքի, որը փաստացի օգտագործվում է որպես մեկ ամբողջություն։ Այն ձևավորվել է տարբեր տարիներին առանձին հատվածների ձեռքբերմամբ, որոնք հետագայում գրանցման առումով չեն միավորվել։

Փաստաբանները նաև պնդում են, որ ցանկում ներառված մյուս գույքերի մի մասը պատկանում է տասնյակ այլ անձանց՝ շուրջ տասը ընտանիքից, իսկ դատախազությունը դրանք Խաչատրյանի հետ կապում է «փոխկապակցվածության» վարկածի հիման վրա։ Պաշտպանությունը հայտարարել է, որ նախկինում իրավական և փաստական հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ այդ գույքերի ձեռքբերումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը կապված չեն Խաչատրյանի հետ։

Փաստաբանները մատնանշել են նաև դատախազության հրապարակած տվյալներում պարտատոմսերի գումարի վերաբերյալ սխալը։ Նրանց խոսքով՝ սկզբում նշվել է 1 մլրդ 451 մլն դոլար՝ իրական 1 մլն 451 հազար դոլարի փոխարեն։ Պաշտպանության դիմումներից հետո հայերեն տարբերակում թիվը ճշգրտվել է, սակայն, փաստաբանների պնդմամբ, հաղորդագրության հրապարակման պահին ռուսերեն և անգլերեն տարբերակներում պահպանվել է չճշգրտված թիվը։

«Երբ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործը դեռևս քննվում է դատարանում, և դրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ առկա չէ, մեր գնահատմամբ՝ մենք ականատես ենք լինում անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումների»,- հավելել է պաշտպանական խումբը։

 

Leave a Comment